Առնո Բաբաջանյանի էստրադային գործերի կենդանի կատարումները կhնչեն Երևանի տարբեր շրջաններում
Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն առավել ճանաչելի դարձնելու, նրան հանրահռչակելու նպատակով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Բաբաջանյանը՝ Երևանում» համերգային նախագիծը՝ նվիրված կոմպոզիտորի 100-ամյակին:
Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանն ասաց, որ Երևանի հինգ վարչական շրջանի բեմերում Բաբաջանյանի էստրադային երգերը կատարում են կոլեկտիվներ, արտիստներ:
«Արդեն հինգ համերգ է տեղի ունեցել, երկուսը՝ Սարյան փողոցում, երկուսը՝ Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում: Հուլիսի 7-ին համերգ անցկացվեց Գարեգին Նժդեհի հրապարակում, հուլիսի 8-ին համերգ է նախատեսվում Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում, իսկ հուլիսի 9-ին Թումոյի այգում կկազմակերպվի ծրագրի փակումը: Համերգներն սկսվում են 19:30-ին և տևում են երկու ժամ»,- տեղեկացրեց Նաղդյանը:
Նրա խոսքով՝ ցանկություն կա տարվա երկրորդ կեսին անդրադառնալու Բաբաջանյանի դասական ժանրի ստեղծագործություններին:
Ֆիլհարմոնիան տարբեր նվագախմբերի հետ համագործակցության ծրագրեր ունի, նախատեսում է աշխատել արտերկրի մենակատարների հետ: «Մաեստրոն միջազգային արտիստ էր, ուստի նրա հոբելյանը պետք է նշել ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում: Բոլորն Առնո Բաբաջանյանին համարում են հարազատ կոմպոզիտոր»,- եզրափակեց Արտյոմ Նաղդյանը:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: