«Քարտեզներին որ նայում եք՝ երջանկությո՞ւն եք զգում ձեր կառավարությունից, ինքներդ ձեզանից. ի՞նչ եք պատմելու ձեր թոռներին». Թևան Պողոսյանը՝ իշխանություններին

Վերին Շորժայի հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի վիրավոր, և ըստ տեղեկությունների՝ 2 վիրավոր էլ ունի Ադրբեջանը: Միջադեպի հետ կապված ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում ասել է, որ դա Ադրբեջանի կողմից կազմակերպված պրովոկացիա է, և ըստ նրա՝ Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունները:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը վերոնշյալի վերաբերյալ հետևյալ կարծիքն ունի՝ եթե ՀՀ գործող իշխանությունների վարքագիծն այնպիսին է, որ դա ինչ-որ սահմանային միջադեպ է, բա ուրիշնե՞րն ինչ ձևով դիտարկեն:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նկատեց. «Եթե դու ինքդ քո սահմանները չես պաշտպանում, դրանից հետո ինչպե՞ս ես ասում, թե ուրիշներն են մեղավոր: Ուրիշները, նայելով քո վարքագծին, արել են ամեն ինչ: 2 ամիս ասում էին, որ ամեն օր բանակցում են, և բոլորը ողջունում են իրենց մոտեցումը, այդ ո՞նց ստացվեց, որ ուրիշն է սադրել: Ադրբեջանի սադրանքները հայերի հանդեպ 1918թ. լինում են և կապ չունեն այլ խնդիրների հետ, դա մշտական գոյություն է ունեցել»:

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նաև ասել է, որ սահմաններին պետք է ռուս սահմանապահներ տեղակայվեն, այնուհետև հասկանան, թե ինչպես են դեմարկացիա և դելիմիտացիա կատարում. «Երբ դեմարկացիա և դելիմիտացիա կատարվի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծով կտեղակայվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը»:

Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ այս հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանի, արդյո՞ք սա չի նշանակում Հայաստանի ինքնիշխանության կորուստ:

«Հայաստանը, այսօրվա դրությամբ, պետական ինստիտուտներ չունի, որ մի հատ էլ մտածեմ՝ ինքնիշխանություն ունի՞, թե՞ ոչ: ԱԳ նախարարություն կա՞, ՊՆ կա՞, եթե կա, ապա պետք է օրենքի դիկտատուրայով իր գործողությունը տեսնեինք: Հիշեցնեմ, որ նաև մայիսի ինչ-որ մի օր մեզ խոստացան 24 ժամվա մեջ չգիտեմ՝ ինչ անեն.․․ Քանի՞ 24 ժամ է անցել՝ թող իրենք հաշվեն: Հայաստանի և Թուրքիայի սահմանը ոնց որ թե դելիմիտացված է, դեմարկացված է, նեյտրալ զոնաները գծված են, ՀՀ զորքե՞րն են այնտեղ կանգնած: Ի՞նչ տարբերություն այս պարագայում: Ռուսաստանը, այսպես թե այնպես, այնտեղ կանգնած էր: Հիմա այստեղ, երբ ասում է՝ հետո կկանգնեն. Տավուշում մինչև հիմա չէի՞ն կարողանում կանգնել, որ դեմարկացված չէր, դելիմիտացված չէր և մեր բանակը լավ պահում էր»,- ի պատասխան՝ ասաց նա:

Թևան Պողոսյանի խոսքով՝ գնալ դելիմիտացիայի և դեմարկացիայի, նշանակում է, որ նախ՝ ճանաչում ես դիվանագիտական հարաբերություններ՝ մյուս կողմի հետ, ճանաչում ես մյուս կողմի տարածքային ամբողջականությունը՝ իր բոլոր քաղաքական հետևանքներով. «Դա նշանակում է, որ ձևավորում եք հանձնաժողով և իրար հետ համագործակցում եք: Դա քանի՞ տարի է տևելու: Եթե ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ինչ-որ սահմաններով, դա նշանակելու է Արցախի ամբողջական քաղաքական խնդրի կորուստ»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ նման բան չկա, նա արձագանքեց՝ ինչպե՞ս չկա:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանի սահմաններն են ճանաչելու, բայց Արցախի հարցը, նրա խոսքով՝ ինքնորոշման հարց է և սահմանային հարց չէ, և այդ առումով չի կարող որևէ խնդիր առաջանալ. «Հայաստանի օրակարգում շարունակում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնալ, և որևէ գործըթաց չի կարող ազդել այս կարգավիճակի հարցը դուրս մղելուն»:

Թևան Պողոսյանը նկատեց՝ լավ կլինի՝ գնան, իրար մեջ քննարկեն. «Ռուբեն Ռուբինյանը «Սպուտնիկին» ուրիշ բան է ասել: Եթե նա ասում է՝ խնդիր չէ, թող Հայաստանը ճանաչի Արցախը: Գանք նորից օրենքների դիկտատուրային՝ ՀՀ օրենքներով 1991-92թթ. կան ընդունված փաստաթղթեր, որտեղ մենք իրավունք չունենք որևէ մի քայլ անելու՝ առանց Արցախի տարածքային ամբողջականության կամ այդ գաղափարի ճանաչման, դեմարկացիան ո՞նց է ստորագրելու: Մի օրենքը մյուսո՞վ է խախտելու: Այդ դեպքում ազնիվ եղեք և ասեք՝ ընտրովի օրենքների դիկտատուրա: Ընդհանրապես, այդ նույն մարդը չէ՞ր ասում, որ պետական համակարգը պետք է ծառայի ոչ թե պետությանը, այլ կուսակցությանը: Մենք չունենք պետական ինստիտուտներ: Ալիևը հանգիստ կարող է ասել՝ ես ղեկավարում եմ ՀՀ ընտրությունների արդյունքները, որովհետև ես ասել եմ՝ ում եմ ցանկանում՝ ընտրվի, այդ ուժերն ընտրվել են»:

Դիմելով ՀՀ իշխանություններին՝ նա հետևյալն ասաց. «Ձեր կառավարման ընթացքում ստացած արդյունքից ինքներդ հպա՞րտ եք: Վստահ եմ, որ ամեն մեկիդ սենյակում քարտեզներ կային, երբ մտել էիք, այդ քարտեզները հանե՞լ եք, նոր քարտեզնե՞ր եք կախել: Եթե ոչ, ապա հին քարտեզներին որ նայում եք՝ երջանկությո՞ւն եք զգում ձեր կառավարությունից, ինքներդ ձեզանից: Ի՞նչ եք պատմելու, ասելու եք՝ պապիկն ինձ փոխանցել է սա, բայց ես, թոռնիկ ջան, քեզ տալիս եմ ավելի փոքր բան, գնա՝ վայելիր: Ամեն մեկիս տանն էլ կլինի էդ քարտեզներից, մի անգամ նայեք, էլի: Հունիսի 20-ին ընտրություն ենք ունեցել, ո՞վ է այդ արդյունքներով ավելի շատ ուրախացել, բացի մի քանի հազար հայերից, որոնք պաշտոն կստանան, 10 միլիոն ադրբեջանցի, 90 միլիոն թուրք: Խոսում են խաղաղությունից՝ գերեզմանում էլ է խաղաղություն, չգիտեմ՝ դուք ինչ խաղաղություն եք ինձ տալու: Ես երջանկություն կստանայի հաղթանակած խաղաղությունից, գերեզմանային խաղաղությունից երջանկություն չեմ ապրում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս