«Փոխարինող կգտնեն, բայց Գրիգորի Խաչատուրովը մնում է Գրիգորի Խաչատուրով». Մովսես Հակոբյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն օրերս  անդրադարձել էր մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմանը ՀՀ պետական տարածք: Զասը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների ներքո:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Զասի այս հայտարարությունն իշխանության շատ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տարօրինակ համարեց, իսկ ոմանք էլ կոչ արեցին, որ պետք է Հայաստանը քայլեր ձեռնարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։

168.amՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց, թե Հայաստանն անվտանգային ի՞նչ խնդիրների առջև կկանգնի, եթե ՀԱՊԿ-ից դուրս գալու համար դիմի գործուն քայլերի։

«Սա քաղաքական հարց է, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև նման ունակություններ չունեմ։ Ճիշտ է, անվտանգային հարց է, բայց նաև քաղաքական է։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում, հետևաբար՝ որևէ հարցի չեմ կարող պատասխանել»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին պաշտոնից հեռացնելու համար իշխանությունների ձեռնարկած քայլերին և առհասարակ բանակից պրոֆեսիոնալ սպաներին հեռացնելուն, Մովսես Հակոբյանը նկատեց, թե չի կարող ասել, թե իշխանություններն այս քայլերին դիմելով ինչ նպատակներ են հետապնդում, նրանք պետք է ասեն իրենց նպատակների մասին։

«Ես որքանով գիտեմ, այդ գնդերի հրամանատարները սեփական դիմումի հիման վրա են դուրս եկել աշխատանքից։ Ինչ վերաբերում է Գրիգորի Խաչատուրովին, ապա նրան կգտնեն փոխարինող, բայց Գրիգորի Խաչատուրովը մնում է Գրիգորի Խաչատուրով։

Ինքս որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ իշխանությունների քաղաքական որոշումները, դրանք ինձ համար կոնկրետ անհասկանալի են»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս