Ռուսական կողմը կշարունակի աշխատանքները՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան. Մուրադով

Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը երեկ ուղեկցել է հայ ռազմագերիներին՝ հայրենիք տեղափոխվելիս:

Ինքնաթիռի վայրէջքից հետո Մուրադովը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի աշխատանքը եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

«Շարունակելով եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու շուրջ աշխատանքը՝ անձամբ իմ կողմից ադրբեջանական կողմին փոխանցվել են երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները, որոնք կազմվել էին հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիներին, որոնք տեղափոխվել են Երեւան Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ինքնաթիռով: Ռուսական կողմը հետագայում եւս կշարունակի աշխատանքը հրադադարի ապահովման եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ»,- ըստ news.am-ի՝ ասվում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարության մեջ:

Հայ ռազմագերիների վերադարձի դիմաց, որպես բարի կամքի դրսևորում, Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք անձամբ Մուրադովն է հասցրել Բաքու:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարի ջանքերով է հաջողվել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում:

Տեսանյութեր

Լրահոս