«Ըստ էության, հավաքը 21-ին կայացել, վերջացել է. 4 օրվա իրազեկումը տրված էր, որովհետև կարող էր այնպես լիներ, որ ուրիշ քաղաքական ուժեր էլ  իրազեկում  ներկայացնեին». Վահագն Հովհակիմյան ՔՊ 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից 11 օր առաջ, հունիսի 9-ին իշխանությունների ներկայացուցիչները իրազեկել էին քաղաքապետարանին, որ  քվեարկության հաջորդ օրվանից՝ հունիսի 21-ից, մինչև հունիսի 24-ի ժամը 10:00-22:00-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքներ էր նախատեսում Հանրապետության հրապարակում:

168.am-ը դրա մասին գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Հանրային հավաք» բաժնում  տեղեկացված էր, որ նման իրազեկում մասնավորապես  ներկայացրել էին քաղաքացիներ Արմեն Խոջոյանը և Վահագն Հովակիմյանը: Քաղաքապետարանը իրազեկումն ընդունել էր ի գիտություն:

Հունիսի 21

Հունիսի 22

Հունիսի 23

Հունիսի 24

Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հունիսի 21-ին ժամը 20։00-ին  Հանրապետության հրապարակում խոստացած հանրահավաքն անցկացրեց, իսկ ահա 22-ին Հանրապետության հրապարակում  նշված ժամերին ոչ հանրահավաք կար, և ոչ էլ նախապատրաստական աշխատանքների հետք, հունիսի 23-ին կամ  24-ին  հավաքներ անցկացնելու կամ դրանք չեղարկելու մասին որևէ տեղեկություն քաղաքային իշխանությունները կամ իրազեկման հեղինակները չեն տարածել:

168.am-ը դիմեց քաղաքացի Վահագն Հովակիմյանին, որը 7-րդ գումարման Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է և քաղաքապետարանին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկման  հայտ ներկայացնողներից մեկը: Փորձեցինք պարզել, թե Հանրապետության հրապարակում այսօրվա և վաղվա հավաքները ժամը քանիսի՞ն են անցկացվելու,  իսկ երեկ որ չի անցկացվել, արդյո՞ք  փոփոխությունների մասին նախապես տեղեկացրել են քաղաքապետարանին:  Քաղաքացի Հովակիմյանը նախ  զարմացավ, այնուհետև պատասխանեց․

«Ի՞նչ հավաք, իրազեկումը, որ տրվա՞ծ էր, դրա համար նկատի ունե՞ք։ Այդ իրազեկումը տրված էր, որովհետև կարող էր այնպես լիներ, որ ուրիշ քաղաքական ուժեր էլ իրազեկում  ներկայացնեին, որպեսզի 4 օրից մեկը, այսինքն՝ ո՞նց է լինում, երբ որ նույն տեղի համար մի քանի քաղաքական ուժ են ներկայացնում, հետո ըստ համաձայնության՝ տեղերը, օրերը բաշխվում է։ Օրինակ, ոնց եղավ 17-18-ի հանրահավաքը։ Ես դիմել էի համ 17-ի, համ 18-ի համար, պարզվեց 18-ի համար․ այդ դատական, իրավական վեճերը հիշում եք, եղավ, որ պետք է Վարդևանյանենց ի վերջո դատականով տրվեց, օրվա մյուս կեսը տրվեց՝ հարմար չէր, մենք 17-ին արեցինք։ Նույնն  էլ այս դեպքում է եղել, այսինքն՝ ըստ էության հավաքը 21-ին կայացել, վերջացել է»։

Դիտարկմանը, որ «Հավաքների մասին» ՀՀ օրենքում հստակ նշված է, որ կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալներում (վայրը, ժամանակը, նպատակը, մասնակիցների սպասվող թիվը և այլն) փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ, տեղեկացնել լիազոր մարմնին, Վահագն Հովակիմյանն ասաց․

«Տեսեք, քաղաքապետարանից ինձ չի եղել հարցում մնացած օրերի հետ կապված, եթե լիներ հարցում մնացած օրերի հետ կապված, ես տեղյակ կպահեի, բայց տվյալ դեպքում ես  իրազեկումը տվել եմ՝ օգտվելով իմ իրավունքներից և օգտվելով նաև իմ իրավունքներից՝ հավաքները մնացած օրերի տեղի չեն ունենալու։ Այսինքն՝ այս դեպքում, եթե տեղի ունենային, մենք տեղյակ կպահեինք լիազոր մարմնին, որ անպայման տեղի էր ունենալու, որպեսզի նաև անվտանգության միջոցառումներ ձեռք առնվեին, հասարակական կարգը պահպանվի և այլն»։

Վահագն Հովակիմյանի համար ևս մեկ անգամ ընթերցեցինք օրենքը, որ կազմակերպիչը պարտավոր է փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին, սակայն վերջինս պնդեց, որ իրազեկել է, բայց բանավոր․

«Լիազոր մարմինը ի սկզբանե 4 օրերի համար, ես բանավոր ասել եմ, որ 4 օրերից մեկն է տեղի ունենալու»։

Հարցին՝ ինչո՞ւ գրավոր չեք դիմել, որ միայն մեկ օրն է հավաք անցկացվելու և ոչ բոլոր 4 օրերին, Հովակիմյանը պատասխանեց․

«Դուք փաստաբանությո՞ւն եք իրականացնում, թե՞ ինչ․․․ Ես ձեզ ասացի այն, ինչ որ եղել է։ Լիազոր մարմնին դեռևս ամսի 18-ի իրազեկումը քննարկելիս, այդ ժամանակ ես ասել եմ, որ 4 օրերի, որ ներկայացվել է, 4 օրերից մեկն ենք մենք հավաք իրականացնելու, թե ո՞ր օրը, դա պարզ կլինի որովհետև այնտեղ այլ իրազեկումներ էլ կարող էին լինել, կարող է նորից դատական վեճեր լիներ,  և այլն։ Հիմա այս դեպքում չի եղել դատական վեճ, այլ իրազեկում չի եղել, իրականացել է հավաքը հենց առաջին օրը՝ 21-ին, դրանով ամեն ինչ ավարտվել է․․․»։

168.amը դիմեց նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին՝ հստակեցնելու, թե արդյոք քաղաքապետարանը որպես լիազոր մարմին՝ պարտավո՞ր է հարցում ուղարկել կազմակերպչին՝ ևս մեկ անգամ ճշտելու, թե  նշված  օրը կամ օրերին անցկացվելո՞ւ են հավաքներ, թե՞ ոչ․

«Ո՛չ։ Օրենսդրությունը նման բան չի նախատեսում, առավելևս պարտավորություն համայնքի վրա չի դնում։ Համայնքն ընդամենը ի գիտություն է ընդունում կամ ինչ-որ առարկություններ է ներկայացնում հավաքի անցկացման վերաբերյալ»։

Հարցին՝ կազմակերպիչը կարո՞ղ է բանավոր տեղեկացնել այդ օրերին հավաքների անցկացման չեղարկման մասին, Կարապետյանը պատասխանեց․

«Կարող է լինել բանավոր, կարող է լինել գրավոր, տարբեր ձևով, պրակտիկան սովորաբար այնպիսին է, որ քաղաքապետարանի ի գիտություն ընդունելուց հետո արդեն այդ հավաքը չեղարկելու, կայանալ-չկայանալու հարցերը ավելի շատ կարգավորվում են կազմակերպչի և ոստիկանության հետ շփումներում»։

Դիտարկմանը, որ քաղաքացի Վահագն Հովակիմյանն ասում է՝ քաղաքապետարանից իրեն չի եղել հարցում իրազեկման հայտում  նշված  մնացած օրերի վերաբերյալ, եթե լիներ հարցում, ինքը տեղյակ կպահեր, Հակոբ Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ քաղաքապետարանը պարտավորություն չունի այդ հարցումն անելու։

«Մյուս կողմից՝ կազմակերպիչն էլ պարտավորություն չունի քաղաքապետարանին տեղյակ պահելու։ Այդ իրազեկման ինստիտուտի գլխավոր իմաստը ոչ թե հավաքի կազմակերպման թույլտվությունն է, այլ ուղղակի իրազեկում է, որպեսզի նաև համայնքը համապատասխան միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝  նաև ոստիկանությանը տեղեկացնի, որ ոստիկանությունը պահպանի հասարակական կարգը հավաքի ընթացքում։ Իրազեկման ինստիտուտի ամբողջ իմաստը դա է, եթե հավաքը տեղի չի ունենում, արդեն այդտեղ զուտ տեխնիկական հարց է առաջանում, որ ոստիկանությունը կազմակերպչի հետ կարող է կապի մեջ լինի, կամ՝ հակառակը, որպեսզի իմանան՝ լինելու է, չի լինելու, ո՞ր ժամից է լինելու, որպեսզի ոստիկանությունն իր գործողություններն իմանա․․․»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Իսկ դիտարկմանը, որ «Հավաքների մասին» ՀՀ օրենքում հստակ նշված է, որ կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալներում (վայրը, ժամանակը, նպատակը, մասնակիցների սպասվող թիվը և այլն) փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին, քաղաքապետի խոսնակն ասաց․

«Դա վերաբերում է հավաքի անցկացման պայմաններին, դա հավաքի չեղարկմանը չի վերաբերում։ Այսինքն՝ կարող է ներկայացված է 10.000 հոգի, բայց պարզվում է՝ 10.000 չի, այլ 30.000 է նախատեսվում, նման բաներ, լինել-չլինելուն չի վերաբերում»։

Այդ դեպքում Վահագն Հովակիմյանի ասած՝ քաղաքապետարանից իրեն չի եղել հարցում մնացած օրերի հետ կապված, եթե լիներ հարցում մնացած օրերի հետ կապված, ինքը տեղյակ կպահեր, Հակոբ Կարապետյանը պատասխանեց․

«Կներեք, ես չեմ կարող մեկնաբանել պարոն Հովակիմյանի ասածը, նման պրակտիկա չկա, հարցում ուղարկի, չուղարկի։ Համայնքն ընդունում է ի գիտություն, մնացած հարցերն արդեն այս առումով համայնքի «հետաքրքրություններից» դուրս են»։

Այս ամբողջ պատմությունից և մեր հարցերին տված պատասխաններից, հատկապես քաղաքացի Հովակիմյանի ներկայացրած հիմնավորումներից ու պարզաբանումից հետո այլևս կասկած չկա, որ 4 օր շարունակ Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու մասին հայտ ներկայացնելով՝ իշխանությունները պարզապես նպատակ են հետապնդել  կանխել,  խոչընդոտել  արհեստականորեն արգելել ընդդիմության հնարավոր հանրահավաքի անցկացումը։

Տեսանյութեր

Լրահոս