Հունիսի 21-24-ը Հանրապետության հրապարակը զբաղված է
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության հենց հաջորդ օրվանից՝ հունիսի 21-ից, մինչև հունիսի 24-ի ժամը 10:00-20:00-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքներ է նախատեսում Հանրապետության հրապարակում: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Հանրային հավաք» բաժնից տեղեկանում ենք, որ նման իրազեկում են ներկայացրել քաղաքացիներ Արմեն Խոջոյանը և Վահագն Հովակիմյանը: Քաղաքապետարանը իրազեկումն ընդունել է ի գիտություն:
Նշենք, որ Արմեն Խոջոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԿԸՀ ներկայացուցիչներից մեկն է, իսկ Վահագն Հովակիմյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու է:
Այսօր Գեղարքունիքում իր քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բոլոր ներկաներին հրավիրեց հունիսի 21-ին նշելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը:
Ավելի վաղ Factor.am-ը գրել էր , որ Փաշինյանը ընտրությունների հաջորդ օրը 200 հազար մարդու հրավիրում է Հանրապետության հրապարակ: