Երեք տոկոս ակտիվ հասարակությունը կարող է իշխանություն փոխել, իշխանություն ձևավորել. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այսօր անդրադառնալով «new» ընդդիմության անելիքներին՝ նկատել էր, որ պետք է վերցնեն մանդատները, գնան խորհրդարան, սակայն հրաժարվեն բոլոր սահմանադրական պաշտոններից՝ ԱԺ փոխնախագահ, ընդդիմության համար նախատեսված հանձնաժողովների նախագահների ու տեղակալների պաշտոններ և այլն:
«Այսինքն՝ ձևավորվում է ցածր լեգիտիմություն ունեցող խորհրդարան։ Լուռ նստում եք ու սպասում հարմար պահին, երբ ժամը գա, վայր եք դնում մանդատներն ու ստեղծում խորհրդարանական ճգնաժամ, որը կավարտվի նոր արտահերթ ընտրություններով։ Իսկ այդ ժամը գալու է, երբ ստիպված լինեն կատարել իրենց վրա վերցրած արտաքին պարտավորությունները, երբ անգամ վերջին բոմժի աչքերը բացվեն»,- նշել էր քաղաքագետը:
168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանն ասել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ, որը, սակայն, օրենքի ու նաև քաղաքականության տեսանկյունից կմնա անհետևանք.
«Դա քաղաքական ճգնաժամ կառաջացնի, բայց խորհրդարանը լուծարելու հիմք չի հանդիսանա: Կստացվի հակասահմանադրական իրավիճակ, որ խորհրդարանը միայն մեկ ուժից է բաղկացած՝ առանց ընդդիմության»:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, այդուհանդերձ, կարծում է, որ քաղաքական ճգնաժամը նոր արտահերթ ընտրությունների համար հիմք է:
«Մանդատները, երբ որ դրվելու են, դրվելու են կոնկրետ դեպքի առիթով, և արդեն մեկնաբանության հարց է՝ արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ հանրային գործընթացի, ճնշման դեպքում արտահերթ ընտրությունները հնարավոր կդառնան:
Նման դեպքերը, ըստ քաղաքագետի, Սահմանադրության մեջ անհասկանալի բացեր են: Այս համատեքստում Ս. Դանիելյանը հիշեցրեց նաև հարցի վերաբերյալ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանի տարակուսանքը՝ նկատելով. «Այսինքն՝ եթե մեկնաբանության հարց լինի Սահմանադրական դատարանի կողմից, ապա հանրային կարծիքի ազդեցության տակ կարվի այս կամ այն մեկնաբանությունը»:
Հարցին, թե ընտրությունների այս արդյունքները, որոնք նաև հանրային առկա տրամադրություններն էին արտացոլում, արդյո՞ք ենթադրում են, որ այդ հանրային ճնշումը կլինի, Ստեփան Դանիելյանը պատասխանեց.
«Երեք տոկոս ակտիվ հասարակությունը կարող է իշխանություն փոխել, իշխանություն ձևավորել, բայց այդ երեք տոկոսը պետք է համոզված լինի իր գործողությունների մեջ. եթե կոնկրետ խնդիր է լինում, որը հանրության մեծ մասի համար հասկանալի է լինում, երկու-երեք տոկոսը կարող է ամեն ինչ անել: Բոլոր հեղափոխությունները, իշխանափոխություններն այդ երկու-երեք տոկոսն են միշտ արել»: