Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է Հանրապետական կուսակցությանը
Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արմեն Աշոտյանը՝ տարածելով Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության հայտարարությունը, որում ասված է․
«Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հաջողություն է մաղթում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը գալիք խորհրդարանական ընտրություններում
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) իր աջակցությունն է հայտնում մեր անդամ կուսակցությանը` Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Շարունակվող համաճարակի այս դժվարին ժամանակներում, որը սրվում է երկրում հետպատերազմյան լարված քաղաքական իրավիճակով, կարևոր է երաշխավորել քաղաքական կայունությունը, ամրապնդել օրենքի գերակայությունը և ապահովել դատական համակարգի անկախությունը:
Վստահ ենք, որ երկրի հիմնական քաղաքական ուժերից մեկը՝ ՀՀԿ-ն, ունի այս բոլոր նպատակները իրականացնելու փորձ, անվտանգությունը վերականգնելու և հայ ժողովրդի բարեկեցությունն ապահովելու կամք և կարողություն:
Ավելին, մենք հավատում ենք, որ ՀՀԿ-ն մեծապես կնպաստի միջազգային համագործակցության և երկխոսության խթանմանը, որոնք կարևոր են տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար:
CDI-ը հաջողություն է մաղթում ՀՀԿ-ին և ակնկալում, որ ընտրական գործընթացը կանցկացվի ազատ և արդար, միջազգային չափանիշներին համապատասխան` որպես իսկապես ժողովրդավարական հասարակություն զարգացնելու միակ միջոց:
CDI-ը ուշադիր հետևելու է երկրում ընտրական գործընթացներին:
Բրյուսել, 2021 թ. հունիսի 14»։