«Դեռևս անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել են, այս անգամ Ադրբեջանին վերադարձվել է ականապատ դաշտերի քարտեզների շոշափելի մասը». Նիկոլ Փաշինյան

Երեկ հայ հանրությունն ուրախություն էր ապրում՝ կապված մեր գերեվարված 15 եղբայրների վերադարձի հետ, բայց ընդդիմադիր դաշտում  սուգ ու  ողբ էր  դրա  հետ  կապված։

Եղվարդում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 15 ռազմագերիների  վերադարձին:

Նշենք, որ  հունիսի 12-ին Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել  15 հայ ռազմագերի։

«Շատ տարօրինակ իրադրություն է ստեղծվել, այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կամ հաշվարկել էր, կամ ցանկանում էր, կամ երաշխիք էր ստացել, որ գերիները գոնե առաջիկայում չեն վերադառնալու: Եվ հիմա էլ սուգ ու շիվան են դրել, թե բա՝ մեր քարտեզները տվել են, մեր ունեցած-չունեցածը տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել: Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք ինչքան ունենք, վերադարձվել է, ամենևին այդպես չէ, վերադարձվել է փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ ոչ շոշափելի մասը։ Այսինքն՝ շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՀՀ-ում էր, իր հետ հանդիպմանն ասել էր, որ պատրաստ են շատ լուրջ ջանքեր գործադրել, որ գերիների վերադարձի գործընթացը  վերակենդանանա:

«Եվ հարց հնչեց՝ արդյո՞ք մենք նման քայլի դիմաց պատրաստ ենք մեր քայլն անել: Եվ մենք ասեցինք՝ իհարկե, պատրաստ ենք և միշտ ենք պատրաստ եղել: Դեռևս անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել են։ Դրանք այն քարտեզներն են, որոնք այսօր մեր միջև չեն, այսինքն, մեզ չեն բաժանում իրարից՝ հայկական և ադրբեջանական կողմերին: Դրանք այն քարտեզներն են, որոնք, ցավոք, հայտնի հանգամանքների բերումով գտնվում են ադրբեջանցիների թիկունքում:  Մեզ համար զարմանալի էր, որ չնայած Ադրբեջանում այս ընթացքում բազմաթիվ զոհեր կային այդ ականների վրա՝ քաղաքացիական մարդիկ, բայց Ադրբեջանը քայլ չէր անում, որ այս գործը առաջ տանենք։ Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլի դիմաց արել ենք քայլ, և մենք էլի քայլի դիմաց պատրաստ ենք անել քայլ։ Մենք սա նույնիսկ չենք փոխկապակցում, բայց տեսնելով, որ գերիների վերադարձը դադարեցրեց Ադրբեջանը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների վերադարձը: Եթե գերիների վերադարձը դադարեցված չլիներ, Ադրբեջանում այդքան քաղաքացիական զոհեր չէին լինի ականների վրա»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ սրա հետ կապված շահարկումները պետք է դատապարտել:

«15 ընտանիք վերագտել է իրեն, բայց սա նաև մյուս ընտանիքների համար հույս է, որովհետև մենք ոչ թե խոսում ենք գերեվարված մեր 15 եղբայրների վերադարձի մասին, այլ գերեվարվածների վերադարձի պրոցեսը վերակենդանացնելու, վերսկսելու մասին: Այսինքն, սա առանձին, անհատական, մի կտոր, մի քայլանոց կոմբինացիա չի: Սա պետք է լինի շարունակական: Եվ միջազգային գործընկերները հավաստիացրել են, որ իրենց ջանքերը կրկնապատկելու են, եռապատկելու են, որպեսզի այս պրոցեսը մինչև վերջ գնա»,- եզրափակեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս