Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 20-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի տոտալ պարտությունը. Արմեն Աշոտյան

«Ւշխող ուժի վարկանիշը գահավիժում է, և  դրա մասին վկայում են բազմաթիվ փաստեր՝ 2018 թվականի նախընտրական արշավի համեմատ՝ բազմամարդ հանրահավաքները փոխարինվել են բերովի մարդկանցով,  սակավամարդ թատերական բեմադրություններով, ինչպիսին եղավ հավաքը Գյումրիում, Վանաձորում, այլ մեծ քաղաքներում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ լրատվամիջոցներում բազմաթիվ են հրապարակումները, որոնք վկայում են ասվածը և, մասնավորապես, թե ինչպես են իշխանությունները ստիպված  իրենց հետ տանել, այսպես կոչված, «գրուպպա պոդդերժկի»՝ 40-60-100 մեքենաներ.

«Նկարահանումները կան.  այդ բերովի մարդիկ պարզապես ապահովում են հերթական զուգահեռ կեղծ իրականություն, թե իբր դավադիր կապիտուլյանտն ունի ժողովրդական աջակցություն: Երեկ, հուսով եմ, տեսել եք նաև, թե հանրահավաքներից մեկից առաջ ինչպես են այդ մարդկանց հետ պարապում, որ ողջունեն վարչապետին (ողջունեն, այս դեպքում, դրական իմաստով):

Դա իրականում քարոզարշավ չէ. Նիկոլի քարոզչությունը հիշեցնում է վթարված կոյուղի, որի գարշահոտ  ջրերը թափվում են հանրապետությունով մեկ, և այդ խափանված կոյուղին դեռ 8 օր շարունակելու է թունավորել ՀՀ քաղաքացիների կյանքը և քաղաքական օրակարգը: Մեզ արագ պետք է բրիգադ, որը գա հունիսի 21-ից հետո, այդ կոյուղին վերանորոգի, որ այլևս Հայաստանով մեկ այդ գարշահոտը չտարածվի»:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ իրական ընդդիմադիր դաշտի  քարոզարշավը շատ դրական է գնահատում.

«Մասնավորապես, «Պատիվ ունեմ» դաշինքն ակնհայտորեն ակտիվացրել է իր աշխատանքները՝  թե՛ քաղաքական օրակարգի ձևավորման տեսակետից, թե՛ տեղերում աշխատանքի՝ հասարակությանը ներկայացնելով այսօրվա իրավիճակի ճշգրիտ գնահատականներ, և ինչն ավելի կարևոր է՝ այս անդունդից դուրս գալու մեր ծրագիրը, որը սիմվոլիկ ձևով իր ստորագրությամբ հաստատեց մեր ցուցակի առաջին համար Արթուր Վանեցյանը՝ հենց քարոզարշավի մեկնարկին:

«Ինձ համար նաև ակնհայտ է, որ եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 20-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի վերահաս տոտալ պարտությունը, և շատ կարևոր է, որ իրական ընդդիմադիր դաշտում որևէ մի բևեռ չտարվի անհատական խաղով. ֆուտբոլից գիտենք,  որ անձնական խաղը սիրուն է, դրիբլինգը լավն է, բայց միշտ չէ, որ ավարտվում է գոլով. մեզ պետք են գոլեր, և այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»,- եզրափակեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս