«Այս իշխանությունը վաղուց է հրաժարվել Արցախից. պատերազմը բերեցին Հայաստան, որ Արցախից հրաժարվեն նաև դե ֆակտո». Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի այս ընթացքում որևէ օր չի անդրադարձել Արցախի ապագային, չի խոսել այն մասին, թե ինչպես է պատկերացնում Արցախի հետագան և առհասարակ ինչպես է պատկերացնում Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Սա չի՞ նշանակում, որ ներկայիս իշխանությունը հրաժարվել է Արցախից, այս հարցն այսօր 168.am-ն ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանին։
Պատասխանելով հարցին, Արմեն Աշոտյանը մասնավորապես նշեց. «Իրենք վաղուց Արցախից հրաժարվել են, իրենք եկել էին իշխանության՝ Արցախից հրաժարվելու համար, Արցախից հրաժարվել էին մինչև պատերազմ, պատերազմը բերեցին Հայաստան, որ Արցախից հրաժարվեն նաև դե ֆակտո։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ստեփանակերտն էվակուացիայի տակ էր նոյեմբերի 5-7-ը։ Բոլորդ այնտեղ բարեկամներ ծանոթներ ունեք, գիտեք, որ Շուշիից հետո պատրաստվում էին հանձնել նաև Ստեփանակերտը։ Իշխանափոխությունից հետո կլինի քննիչ հանձնաժողով, այս բոլոր փաստերը կուսումնասիրվեն ու կհաստատվեն՝ վստահ եմ»։
Նա նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել Արցախից և այլևս երբեք չպետք է մոտենա Արցախի սրբազան հողին։
«Նիկոլ Փաշինյանը Հաայստանը սարքել է ցելոֆանների երկիր, զգացե՞լ եք։ Մարդը ծառայում է՝ ցելոֆանի տակ է ծառայում, իրա ուսապարկերը ցելոֆանային են, մարդ մեռնում է, դիակը տանում ցելոֆանի մեջ են դնում։ Ցելոֆանային Հայաստան է սարքել և՛ կյանքի, և՛ ծառայության մեջ, և՛ մահից հետո։ Ինքն իրավունք չունի այլևս մոտենալ Արցախի խնդրին»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ երկար ժամանակ, այդ թվում՝ 2016 թվականին, միջազգային հանրությունը ներկայացնում էր Ադրբեջանի տեսակետներին համապատասխանող դիրքորոշումներ, և որն էլ պատճառ դարձավ նախ՝ ապրիլյան, ապա՝ Արցախի երկրորդ պատերազմի համար, և պատասխանելով 168.am–ի հարցին, թե այս անուղղակի մեղադրանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ի՞նչ հետևանքներ ու ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այնքան փաստեր են հրապարակվել, եկեք չշարունակենք տարածել Նիկոլի ապուշությունները։ Նիկոլ Փաշինյանը չպետք է զբաղվի բանակցային գործընթացով, վերջ։ Եթե մենք հիմա քննարկենք, թե դա ինչ ազդեցություն կունենա, նշանակում է, որ մենք վերցնում ենք մի ֆաբուլա, որտեղ ինքը իբր Հայաստան ներկայացնի։ Ոչ, ինքը Հայաստան չպետք է ներկայացնի, ինքը չպետք է ներկայացնի Արցախ, այսքանից հետո որ՝ հաստատ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում