Բնակարանային գողության փորձեր են բացահայտվել
Անցյալ տարի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում բնակարանային գողության փորձ էր եղել։ Պատուհանով մտել էին տուն, սենյակները տակնուվրա անելուց հետո գողանալու հարմար բան չգտնելով՝ հեռացել էին։ Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնից այս մասին տեղեկանալով՝ մեկնել էին Սարուխան և դեպքի վայրի զննությունից հետո հետախուզական միջոցառումներ սկսել։
Քրեական հետախույզների հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից ամիսներ անց տեղեկություններ ստացվեցին, որ գողության փորձը կատարել է Գավառ քաղաքի 20-ամյա մի բնակիչ։
Գեղարքունիքի մարզային վարչության և բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 25-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Պարզվել է՝ հոկտեմբերի վերջին նա նույն եղանակով Սարուխան գյուղի մեկ այլ տնից էլ էր փորձել գողություն անել, բայց դարձյալ հարմար բան չգտնելով՝ հեռացել էր։
Բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: