Գլխավոր շտաբը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի՝ սահման մեկնելու առաջարկը՝ հիմնավորելով, որ անհրաժեշտություն չկա․ Սոս Հակոբյան

Հաշվի առնելով ընթացող զարգացումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ԶՈՒ գլխավոր շտաբին՝ առաջարկելով զորախմբով մեկնել առաջնագիծ և ցանկացած վայրում իրականացնել մարտական հերթապահություն, սակայն մերժում ենք ստացել այն պատճառաբանությամբ, որ այս պահին անհրաժեշտություն չկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքը սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով պատրաստակամություն է հայտնել մեկնել առաջնագիծ, դիմումը ներկայացվել է մոտ 10 օր առաջ։ Ինչպես գիտեք, «Հայրենիք» կուսակցությունն արդեն փորձ ունի զորախմբի, կան փորձառու մարդիկ, ովքեր տարբեր ճակատներում մասնակցել են վերջին պատերազմին, նույն ռեսուրսը ունի նաև ՀՀԿ-ն։ Աշխատանքներ են տարվել մարդկային ռեսուրս հավաքելու, նրանց պատրաստելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելու համար»։

Գլխավոր շտաբին ուղղված նամակում «Պատիվ ունեմ» դաշինքը նշել է, որ Գլխավոր շտաբի կողմից նման պահանջ լինելու դեպքում իրենց զորախումբը պատրաստ է մեկնել ցանկացած տեղակայման վայր՝ հերթապահություն իրականացնելու նպատակով։

«Ստեղծված իրավիճակում, երբ ունենք գերիներ, կրկին իրավիճակը լարվել է, մեր առաջարկը մնում է ուժի մեջ։ Այսօր Արթուր Վանեցյանն այդ կապակցությամբ ևս հանդես կգա հայտարարությամբ։ Տեղի ունեցածը չենք չհանրայնացնել այն պատճառով, որ դա կարող էր դիտվել որպես նախընտրական PR։ Մենք իրապես պատրաստ էինք գործողությունների, և նպատակը տեղեկացնելն էր, որ կան մարդիկ, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են համալրել Զինված ուժերը։ Մեր գործողությունները բովանդակային էին, այլ ոչ թե ձևական»։

Տեսանյութեր

Լրահոս