Իշխանություններն իրավիճակին չեն տիրապետում, միայն խոսել գիտեն․ Մովսես Հակոբյան
Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքի շուրջ ադրբեջանական կողմի հետ այսօր վերսկսած բանակցությունները, 168.am-ի տեղեկություններով, դեռ չեն ավարտվել, իսկ հարցի շուրջ անորոշությունները պահպանվում են։
Հիշեցնենք՝ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Այսօր արդեն կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինվորներ կան. իրավիճակը մնում է անփոփոխ։ Նա նաև նկատել էր՝ իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել. ճգնաժամը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ։
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի այս հարցում կոնկրետ արդյունքներ ունենանք՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշեց․
«Պետք է բանակցել․ եթե բանակցությունները ստացվում են, այդպես պետք է լուծել, եթե չեն ստացվում, ապա պետք է լուծել ռազմական ճանապարհով»։
Հարցին, թե ինչու է այս վիճակը ստեղծվել, երբ ականատես ենք լինում արդեն ՀՀ պետականության ոտնահարմանը, ռազմական գործիչը պատասխանեց․
«Որովհետև այս իշխանություններն իրավիճակին չեն տիրապետում, միայն խոսել գիտեն»։