Սև լճի տարածքում ադրբեջանցի զինվորներ կան. իրավիճակը մնում է անփոփոխ. Նիկոլ Փաշինյան
Մինչ երեկ մամուլը ու Սյունիքի մարզի համայնքապետերը Սև լճի տարածքում ադրբեջանցիների՝ Հայաստանի պետական սահմանը հատելու և 3-4 կմ առաջ գալու մասին ահազանգում էին, ԶԼՄ ներկայացուցիչները փորձում էին պարզաբանումներ ստանալ պատկան մարմիններից ու փոխարենը իշխանական թևից ստանում էին «մեդիատեռոր» իրականացնելու հերթական բնորոշումը, երեկոյան նույն «մեդիատեռորն» արեց Նիկոլ Փաշինյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում հաստատելով այն, ինչ ողջ օրը գրում էր մամուլը:
Այսօր էլ մինչ կառավարության հերթական նիստի օրակարգին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ստեղծված իրադրության մասին՝ հաստատելով իրենց անգործությունը:
«Տեղյակ եք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում: Եվ ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա՝ մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: