Պետք է իրավիճակին շատ լուրջ վերաբերվենք. ճգնաժամը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ. Փաշինյան
Երեկ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստում իշխանական թևի համար հավանաբար պարզ դարձավ, որ մեդիա դաշտն իրականությունը ներկայացնելով՝ բնավ «մեդիատեռոր» չէր անում: Հենց Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ադրբեջանցիները հատել են Հայաստանի պետական սահմանը, 3-4 կմ առաջացել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում:
Այսօր առավոտյան կառավարության նիստում նույն Փաշինյանը տեղեկացրեց, որ իրավիճակում որևէ փոփոխություն չկա, ադրբեջանցի զինվորները Սևի լճի տարածքում են:
Խոսելով իրադրության մասին՝ Փաշինյանը նիստում նշեց, թե երեկ տեղի ունեցածը սադրանք է, ու պետք է իրավիճակին շատ լուրջ վերաբերվել:
«Ինչո՞ւ է այսպես իրադրությունը: Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են՝ ակնհայտ է և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:
Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, երբ որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ: Դա առանձին քննարկման խնդիր է, որը, իհարկե, անպայման կդիտարկվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով երեկ ողջ օրվա ընթացքում ՊՆ-ից և ԱԱԾ-ից՝ իրավիճակի վերաբերյալ տրվող հերքումներին, Փաշինյանը նշեց, թե չեն հերքել ադրբեջանցիների առաջ գալը, պարզապես հերքել են վիրավորների ու զոհերի առկայությունը:
«Երեկվանից քննարկվում է, կամ որ ասվում է, որ Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց տեղեկատվությունը, ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Պաշտպանության նախարարությունը և ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը, տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն:
Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև ըստ էության մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի, և մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ գտնվել են նրանք մայիսի 10-ի դրությամբ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ այժմ տեղում ընթանում է աշխատանք: Իրենք էլ կառավարության նիստից հետո պատրաստվում են ունենալ Անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն քննարկել իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, և պատրաստվում են ԱԽ նիստում կայացնել անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ:
«Բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, և այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային, և պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք՝ իրադրության հանգուցալուծման համար: Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որպեսզի ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»,- եզրափակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում