Փոխանակ ամեն ջանք գործադրեն Արցախի հարցում դիրքային առաջխաղացում գրանցելու համար, դեռ մի բան էլ խանգարում են

Օրերս Վիեննայում տեղի ունեցավ միջազգային կլոր սեղան, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, ԵԱՀԿ-ի և Ավստրիայի արտգործնախարարությունների  ներկայացուցիչները:

Հայաստանից հրավիրված էր իշխանական խմբակցության պատգամավոր, նախնական ծրագրով՝ պետք է ներկա գտնվեր իմքայլական Սոս Ավետիսյանը, «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն էր, փորձագետ Հրանտ Միքայելյանը և արտախորհրդարանական ուժերից հրավիրված էին միայն Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչները՝ ի դեմս Արմեն Աշոտյանի:

Ադրբեջանական կողմից, 168.am-ի տեղեկություններով, մասնակցում էին 2 առաջատար փորձագետներ, որոնք տպագրվում են արևմտյան քաղաքագիտական մամուլում, ներկա էր նաև քաղաքագիտական շրջանակներին հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը:

Մեր տեղեկություններով՝ միջոցառումն իշխանական շրջանակների կողմից զավեշտալի արձագանքների է արժանացել, և փոխանակ օգտագործեն բոլոր հարթակներն ադրբեջանցիներին միջազգային բոլոր հարթակներում նեղը գցելու, Արցախյան հիմնախնդիրն առաջ տանելու, Հայաստանի շահերը տարածաշրջանային զարգացումների համատեքստում դիրքավորելու համար, դրսևորել են ոչ ադեկվատ վարքագիծ:

Թերևս, այն լուրը, որ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը մասնակցելու է այդ կլոր սեղանին, ցնցումների մեջ է գցել իշխանական խմբակցությանը:

Փոխարենը՝ միջոցառմանը փայլուն մասնակցություն մասնակցություն են ունեցել թե Տարոն Սիմոնյանը, և թե Հրանտ Միքայելյանը, ովքեր ամեն կերպ առաջ են տարել հայկական շահը, հանդես եկել պետության ու պետականության, ազգային շահի դիրքերից։

Մեր տեղեկություններով՝ «Իմ քայլից» որևէ պատգամավորի արգելվել է մասնակցել այդ կլոր սեղանին: Ավելին, իշխանական խմբակցությունից ԱԳՆ-ին հանձնարարական է իջեցվել կանխել միջոցառումը, միջազգային գործընկերների մոտ վատաբանել հանրապետականների ներկայությունը:

Ըստ տեղեկությունների՝ այդ գործին լծվել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպանը, ով հանդիպումներ է ունեցել Ավստրիայի արտգործնախարարության ներկայացուցիչների, կազմակերպիչների հետ, նաև ԵԱՀԿ քարտուղարությանն էր փորձում համոզել, որ չեղարկեն այդ միջոցառումը կամ գոնե հանրապետականներին դրան հրավիրելը:

Ինչևէ, որևէ մեկը լուրջ չի ընդունել իշխանական ճղճիմ ճիգերը, որովհետև, փաստորեն, հերիք չէ, որ իրենք են մասնակցությունից հրաժարվել, դեռ փորձել են նաև խանգարել հայկական տեսակետների  առաջմղմանը:

Գաղտնիք չէ, որ նույն Արմեն Աշոտյանն արտաքին հարաբերությունների բնագավառում հսկայական փորձ ունի, եղել է 6-րդ գումարման ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, և ի՞նչն էր խանգարում իշխանական թիմին՝ վեր կանգնել կուսակցական շահերից ու քինախնդրությունից՝ համատեղ ուժերով երկրի շահը միջազգային ասպարեզում առաջ տանելու համար:

Մեր տեղեկություններով՝ միջոցառումը հայկական կողմի համար բավականին հաջողված է անցել: Հիմնավոր փաստարկներով՝ ադրբեջանական բազմաթիվ տեսակետներ են հերքվել ու բեկանվել:

Փաստորեն, մեր իշխանությունները փոխանակ ցանկացած միջոց ու հարթակ օգտագործեն Արցախի հարցում դիրքային բարելավում գրանցելու համար, զբաղված են իրենց նախընտրական ցուցակներով ու խանդի դրսևորման ցույցերով:

Տեսանյութեր

Լրահոս