«Հողեր ենք տվել, բայց ես չեմ հուսահատվում, որովհետև մեր հողերն էլի հետ բերել կլինի». Սասուն Միքայելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով՝  Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք բանտերում զրկանքներ է կրել, հետևաբար՝ նա պետք է հիշի իր արածները հայ ժողովրդի նկատմամբ:

«Պատերազմը՝ պատերազմ է, մեկ-երկու օրվա բան չէ, այդ տարիների ընթացքում անպատրաստ ենք եղել: Սպարապետից հետո պատերազմին անպատրաստ ենք եղել, մինչև այս իշխանությունը եղել է: Այդ ժամանակահատվածում, եթե մենք Շուշիից ու Հադրութից ենք խոսում, կարող էին իրենց լափած գումարներով Հադրութից մինչև Շուշի թունել անցկացնեին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին և նրա այն հայտարարություններին, որ ներկայիս իշխանությունը պարտված իշխանություն է, և այն մահ է բերում:

Ըստ նրա, իշխանությունը պետք է գա մեկ հենման կետի ու հասկանան, թե ինչ է կատարվել:

«Ես չեմ ասում՝ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, կամ Սասուն Միքայելյանը մեղավոր չէ, բայց այն տարիների չարած գործը չի կարելի է բարդել այս իշխանության վրա: Եթե նախորդ բոլոր նախագահները պատկերացնում էին, հասկանում ու ասում, որ բանակցային փուլով որևէ հարց չի կարող լուծվել, ուրեմն՝ պետք է գնային ինչ-որ ճանապարհով, կամ պետք է մենք պատրաստվեինք պատերազմի: Ադրբեջանն ի՞նչ արեց, պատրաստվեց պատերազմի, այստեղ բոլորդ էլ ինձ գիտեք, և ամեն անգամ, երբ նման հարց է եղել, ես ասել եմ, որ պատերազմն անխուսափելի է, կարող է այսօր լինել, վաղը կամ մյուս օրը»,- շեշտեց իմքայլական պատգամավորը:

Դիտարկմանը, թե բանակցային գործընթացը Փաշինյանն է տապալել, Սասուն Միքայելյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացը չի տապալել, այդ գործընթացը եկել է նախորդ իշխանություններից և հասել է այսօր:

«Չի կարելի այսօր բերել ու բարդել մի մարդու վրա, իսկ եթե իրենք այդքան հայրենասեր էին, պետք է տասը, քսան տարի… հիմա եկել ասում են՝ մեզ հնարավորություն տվեք, կանենք, հնարավորություն տված էր, պետք է անեին, քսան տարի չարեցին: Եթե ժողովուրդը պետք է Քոչարյանին հետ բերի, թող բերի»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ այս իշխանությունն է իրեն ստիպել վերադառնալ ակտիվ քաղաքականություն, Սասուն Միքայելյանն ասաց, որ նա կարող է ամեն ինչ ասել:

«Ես՝ որպես ազատամարտիկ, հրամանատար, իմ գործն եմ արել, որ հաղթեմ, որ իմ ազգը հաղթի, մենք պարտվել ենք այսօր, հողեր ենք տվել, բայց ես չեմ հուսահատվում, որովհետև մեր հողերն էլի հետ բերել կլինի: Իսկ այսօր մեր ժողովրդին տարբեր ձևի դեզինֆորմացիա են տալիս, ժողովուրդն անորոշության մեջ է, չգիտի ինչ անի, դրա համար մեզ պետք է համախմբվել, սառը դատել, թե չէ այսօր ես զարմանում եմ, քսան տարի մարդիկ լինեն իշխանության, հետո այսօր-գան ասեն՝ հնարավորություն տվեք, հետ բերենք»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս