«Այս պահին արձանը հանելու թեման կանգնել է. որոշ աշխատանքներ ավարտելուց հետո՝ սպասենք արձանի բացմանը». Մարտունի քաղաքի ավագանու անդամ

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում, թե արձանը հեռացնելու են, այնուհետև իրավիճակը հանդարտվում է, որից հետո կրկին այդ խոսակցություններն ակտիվանում են։

Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմի պահանջն է եղել, որպեսզի քաղաքից հանվի Գարեգին Նժդեհի արձանը, որը վերջնական տեսքի բերելու համար դեռևս աշխատանքներ կան իրականացնելու։

168.am-ի հետ զրույցում Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանն ասաց, որ այս պահին արձանի մասին որևէ խոսակցություն չկա՝ արձանն իր տեղում է, և սպասում են, որ այն վերջնական ավարտին հասցնելու աշխատանքները կսկսվեն։

«Արձանն այս պահին կանգուն է, բայց որոշ աշխատանքներ կան արձանի վրա, որոնք պետք է ավարտին հասցվեն, որից հետո՝ սպասենք արձանի բացմանը։ Այն փողոցում, որտեղ այս պահին տեղադրված է արձանը, հենց այնտեղ պետք է տեղի ունենա արձանի բացումը»,- նշեց Ա. Մկրտչյանը։

Նա ընդգծեց, որ արձանի վրա աշխատանքներ չիրականացնելու խնդիրներ են եղել, որոնց մանրամասներին իրենք տեղյակ չեն։

Ըստ նրա, արձանը հանելու վերաբերյալ տարբեր խոսակցություններ կար, դրանց համաձայն՝ ադրբեջանական կողմը դիմել է ռուսական կողմին և հորդորել, որպեսզի արձանը հանի։

«Այս պահին արձանը հանելու թեման կանգնել է, նաև լուրեր են տարածում, թե մարտունեցիները պետք է որոշեն արձանի ճակատագիրը։ Մարտունեցիների անունից հանդես ենք գալիս մենք և պետք է որոշենք՝ արձանը որտեղ պետք է մնա։ Ավագանու նիստ կանենք ու կորոշենք, որ արձանն այդ փողոցում պետք է մնա, այլ ոչ թե թանգարանում»,- եզրափակեց Արտակ Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս