«ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիներին վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում». Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ դատախազության ամենօրյա աշխատանքի գլխավոր մասն է կազմում հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները:

«Այս առումով մեր ռուս գործընկերը՝ ՌԴ գլխավոր դատախազը, ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ: Այդ խողովակն օգտագործելով՝ հնարավոր է լինում և՚՛ ցուցակները ճշգրտել, և՛ հատկապես նրանց կողմից իրականացվող խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները հիմնավոր փոխանցել, դրանով նաև մեր ռուս գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը:

Ըստ Գլխավոր դատախազի, այդ ամենն իրականացվում է  քրեական գործերի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով, այսինքն՝ քրեական գործերով են արձանագրվում այդ բոլոր փաստական հանգամանքները, և այդ ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսվում է ռուս գործընկերների հետ:

Հարցին՝ Հայաստանն ադրբեջանցի քանի՞ բարձրաստիճան հրամանատարի նկատմամբ է հեռախուզում հայտարարել, Արթուր Դավթյանը պատասխանեց.

«Մենք ունենք հետապնդումներ, բազում հետապնդումներ, հուսով եմ, բոլորդ այնքան լուրջ եք վերաբերվում այս խնդրին, որ պատկերացնում եք՝ դրա մասին այս պահին հրապարակային գոնե խոսելն արդարացված չէ»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ, և այս մասին խոսում էին, Արթուր Դավթյանը նկատեց՝ եթե նրանք խոսում են, ապա դա չի նշանակում, որ հայկական կողմն էլ պետք է հրապարակավ խոսի:

«Մենք խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ և, բնականաբար, մենք մեր աշխատանքային արդյունավետությունը գնահատելով՝ գալիս ենք այն հետևության, որ դրա մասին հրապարակավ խոսելը չի օգնի, այլ հակառակը՝ կվնասի»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս