Բացառված չեն, որ Արավուսի հովվի միջադեպի նման դեպքեր կլինեն, բայց Սյունիքում բնակվելը վտանգավոր չէ. Արմեն Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ լավ կլինի, որ Սյունիքում ստեղծվի ՄԻՊ Արման Թաթոյանի առաջարկած անվտանգության գոտի, սակայն, ըստ իմքայլական պատգամավորի, պետք է նաև հաշվի առնել հնարավորությունները և դրանց հասնելու ճանապարհները:

Պատգամավորի խոսքով՝ պատերազմից հետո էական փոփոխություններ են եղել ու սահմանների վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են կատարվում, բայց դրանց ծավալը այնքան մեծ է, որ մեկ-երկու ամսվա մեջ հնարավոր չէ անել:

«Բայց որ ասենք՝ այս պահին Սյունիքում լուրջ անվտանգային խնդիրներ կան, և այս պահի դրությամբ Սյունիքում բնակվելը վտանգավոր է, իհարկե այդպես չէ: Կարող են միջադեպեր լինել, իհարկե, բնական է, որ նմանօրինակ միջադեպեր կարող են հանդիպել, այնպես չէ, որ մեր հարևանը Շվեյցարիան է կամ, չգիտեմ, Ֆրանսիայի Հանրապետությունն է, և այն ամենը, ինչ գրված է թղթի վրա, և այն, ինչի պայմանավորվածությունները կան համաձայնագրով, լիակատար, այսպես ասած, օրենքի տառին համապատասխան իրականացվելու են: Իհարկե, լինելու են միջադեպեր, սակայն, իհարկե, միջադեպերը հնարավորին պետք է կանխեն, որ դրանք չլինեն, և միջադեպերի հենց արդյունքում ցանկացած միջադեպ դրդում է նրան, որպեսզի այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվի:

Եթե Ադրբեջանի այդ որոշ զինծառայողներ բռնություն են գործադրել մեր հովվի նկատմամբ, կապ չունի՝ ինչ պատճառներով, ով ում տարածքն է անցել, և այլն, այս հարցը պետք է մանրամասն քննվի, այս հարցը պետք է քննվի և նաև ներկայացվի ռուս խաղաղապահ ուժերին, և այս պատասխանատու խաղաղապահ ուժերին նաև պետք է… նրանք նույնպես պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նման դեպքերը իսպառ բացակայեն: Բայց որ բացառված չեն, որ նմանօրինակ դեպքեր կլինեն, իհարկե, հնարավոր չէ դա բացառել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը:

Արման Խաչատրյանի խոսքով՝ կան սյունեցիներ, որոնք օբյեկտիվ դժգոհություն ունեն իշխանությունից ու կառավարությունից, սակայն, ըստ Սյունիքից ընտրված պատգամավորի, հարց է, թե ինչպես պետք է արտահայտել օբյեկտիվ դժգոհությունը: Ըստ Խաչատրյանի՝ հայհոյանքներով Նիկոլ Փաշինյանին դիմավորելը օբյեկտիվ դժգոհության արտահայտություն չէր ու «կազմակերպված» էր:

«Որևէ մեկը այս երկրում իրավունք չունի իր քաղաքական դժգոհությունները արտահայտել հանցագործության կատարմամբ: Այսինքն՝ ես դժգոհ եմ այս իշխանությունից, հետևաբար՝ կարող եմ գնալ խանութներ թալանե՞լ, խուլիգանություններ անե՞լ, ինչ-որ ճանապարներ փակե՞լ, երկրի ղեկավարի աշխատանքային այցը խափանե՞լ կամ ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակե՞լ: Որևէ մեկը այդ իրավունքը չունի՝ անկախ նրանից, թե իր դժգոհության աստիճանը որքան է…

Իհարկե, ես միանշանակ կարող եմ ասել, որ դա ժողովրդի ձայնը չէր, ժողովրդի մեծամասնության ձայնը չէր՝ Սյունիքի մարզի: Այո, իհարկե, Սյունիքի մարզում դժգոհություններ շատ կան և այդ դժգոհություննեը կան նաև օբյեկտիվ պատճառներով, մարդիկ տարածքներ են կորցրել, մի շարք տնտեսական խնդիրներ են ունեցել, նոր սահմաններ են, տհաճ իրավիճակ է: Այդ ամենը հասկանալի է, բայց որ դա ժողովրդի ձայնը չէր և ժողովրդի կազմակերպածը չէր, դա միանշանակ է:

Այդ առիթով հարուցված է քրեական գործ…

Սյունեցին չի կարող գնալ բռնությունների, սյունեցին չի կարող խուլիգանական դրսևորումներ իրեն թույլ տալ, սյունեցին չի կարող երեխաների, ծերերի և կանանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ, այն էլ՝ երկրի ղեկավարին, այն էլ՝ ժողովրդի կողմից ընտրված ղեկավարին, դրանով նաև հայհոյելով ողջ մի ժողովրդի լուրջ ընտրազանգվածի: Սյունեցին երբևէ նման դրսևորումներ չի ունեցել, սյունեցին միշտ կանգնած է եղել պետության կողքին, և Սյունիքի մարզը այն մարզն է եղել, որ միշտ սյունեցիները աչքի են ընկել իրենց պետականամետ մտածողությամբ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս