Մարտունի քաղաքից կհանե՞ն Նժդեհի արձանը. սկսվել է գաղտնի գործընթաց

Մինչ Երևանում քաղաքային իշխանությունները գաղտագողի Աջափնյակ համայնքում կանգնեցնում են Մահաթմա Գանդիի արձանը, Արցախում՝ Մարտունի քաղաքում, հնարավոր է՝ մինչև մայիսի 9-ը այլևս Նժդեհի արձանը չլինի։ Այս խոսակցությունները նոր չեն, և դրա վերաբերյալ երեկ գրառում էր կատարել նաև ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը. «Մենք Մահաթմա Գանդիի արձան ենք դնում, մինչդեռ Արցախում մինչև մայիսի 9-ը պետք է Նժդեհի արձանը հանեն։ Հանգիստ էինք, չէ՞, կարծում էինք՝ խնդիրը վերացել է։ Չէ, չի՛ անցել, մանր-մանր գաղտագողի գործում են։ Արդեն մարդկանց ասել են. «Դե պիտի հանենք, ճար չկա»,-  գրել էր նա։

Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմի պահանջն է եղել, որպեսզի քաղաքից հանվի Գարեգին Նժդեհի արձանը, որը վերջնական տեսքի բերելու համար դեռևս աշխատանքներ կան իրականացնելու։

Դեռևս փետրվարին 168.am հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հերքել էր այդ խոսակցությունները, ապա ասել, որ որևէ մեկն իրեն չի կարող հրահանգել հանել արձանը։

168.am-ը այսօր ևս Էդիկ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ակտիվացել այս խոսակցությունները, և արդյո՞ք հանելու են արձանը։

«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Նժդեհի արձանի վրա այս պահին աշխատանքներ չեն իրականացվում, պատճառի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել։ Խնդրում եմ՝ ոչ մի բան ինձ մի հարցրեք, ես արդեն Մարտունու նախկին քաղաքապետն եմ»,- նշեց Էդիկ Ավանեսյանը։

Ճշտող հարցին՝ այլևս քաղաքապետ չէ՞, Էդիկ Ավանեսյանը պատասխանեց, որ այլևս քաղաքապետ չէ և այլ հարցեր չի մեկնաբանում։

168.am-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանն էլ նշեց, որ Նժդեհի հարցի հետ կապված փորձում են վերադասով հարցին լուծում տալ՝ հաշվի չառնելով քաղաքապետ,  ավագանի։

«Բնակչությունը տեղյակ է այդ մասին, ուզում են արձանը հանեն ու տանեն թանգարան և այդպես հարցը կարգավորեն։ Մենք սա չպետք է թույլ տանք, ու երկրորդը՝ սև բերենք այն մարդկանց գլխին, ովքեր թաքուն նման բաներ են ուզում անել՝ հաճոյանալով ռուսներին։ Բացառվում է, որ թույլ տանք նման բան անեն։ Խնդրում եմ՝ պահանջեք Արայիկ Հարությունյանից՝ դիրքորոշում հայտնի արձանի վերաբերյալ, նաև Վիտալի Բալասանյանին, մնացած արդեն ժողովուրդը և մենք կանենք»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Մեզ հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ արձանը  մնալու է։

Ճշտող հարցին՝ թանգարանո՞ւմ է մնալու, թե՞  իր տեղում՝ դրսում, Լուսինե Ավանեսյանը որոշակի դադարից հետո պատասխանեց. «Դրսում»։

 

Տեսանյութեր

Լրահոս