«Որևէ մեկը չի կարող ինձ պահանջ դնել՝ Նժդեհի արձանն ապամոնտաժելու համար». Մարտունու քաղաքապետ
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր տարածել Արցախի Մարտունի քաղաքից, որին կից գրել էր, որ Ադրբեջանի պահանջով Մարտունիում ապամոնտաժվեց Գարեգին Նժդեհի արձանը։
168.am–ի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանն այդ լուրը հերքեց։
«Որևէ մեկը չի կարող ինձ պահանջ դնել՝ Նժդեհի արձանն ապամոնտաժելու համար, ավագանու որոշում կա։ Գարեգին Նժդեհի արձանը լրիվությամբ ավարտված չէ, դեռևս շատ աշխատանքներ կան անելու։ Արձանը տեղադրվել էր սեպտեմբերի 26-ին, իսկ 27-ին սկսվեց պատերազմը։ Հիմա ես քանդակագործի հետ աշխատանքներ եմ տանում, տեսնեմ՝ կգա՞ այստեղ կաշխատի, թե՞ արձանը նորից պետք է տանենք արհեստանոց, աշխատանքներն ավարտի, որից հետո բերենք տեղադրենք»,- ասաց Էդիկ Ավանեսյանը։
Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները նա չի ցանկանում մեկնաբանել, քանի որ, ըստ նրա՝ դրանք անհարկի լարվածություն են տարածում հանրության շրջանում։
«Ես այսօր արձանի մոտով անցել եմ, այն ապամոնտաժված չի եղել, հիմա էլ Ստեփանակերտում եմ, ո՞վ կարող է առանց ինձ արձան ապամոնտաժել»,- եզրափակեց Էդիկ Ավանեսյանը։