«Քաջարանը մերժեց Փաշինյանին․ Ալիևն իր բարբաջանքի պատասխանը նույն ձևով ստանալու է զանգեզուրցիներից»․ սյունեցի
Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բազմաթիվ քաղաքացիներ Քաջարանում բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք տեղեկություն ունեին, որ Փաշինյանը Մեղրի համայնքից շարժվելու է Քաջարան, և որոշել էին փակել նրա ճանապարհը։
«Քաջարանը մերժեց Փաշինյանին, նա Քաջարան չմտավ, Մեղրիից անմիջապես այլ ճանապարհով թողեց հեռացավ, Քաջարան չմտավ»,- ասաց քաջարանցիներից մեկը։
Մեկ այլ սյունեցի էլ ասաց՝ Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը վախկոտ է․
«Թուրքի կոշիկները լիզող անձնավորություն է։ Ինքն իրավունք չունի Սյունյաց հողը պղծի»։
Քաջարանում հավաքված քաղաքացիներից մեկն էլ դժգոհեց ոչ միայն Փաշինյանից, այլև իշխանության բոլոր ներկայացուցիչներից․
«Լինելով Քաջարանցի՝ ես զարմանում եմ, որ առ այսօր ոչ մի պատգամավոր Քաջարան չի եկել, առ այսօր իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը չի եկել իմանա՝ ինչպե՞ս է քաջարանցին, ո՞նց է աշխատում, ի՞նչ վիճակով է փող վաստակում, և այդ հսկա գումարները, որ հասնում են Երևան և նրանց աշխատավարձի ոչ պակաս 50 տոկոսը՝ Քաջարանի կոմբինատն է տալիս իր եկամտի, բայց չեն բարեհաճել մի անգամ գալ հանդիպել ժողովրդին, ցանկացած պատգամավոր, հանդիպել և հարցնել՝ ինչպե՞ս եք ապրում․․․ Հայտարարում եմ, եթե որևէ մեկը մտածի ինչ-որ միջանցք բացել Մեղրիով, թեկուզ մի հատ արահետ, դա կլինի Հայաստանի վախճանը։ Դա հասկանում են դպրոցական երեխայից մինչև 100-ամյա ծերը, կդառնա Հայաստանի վախճանը, ուրիշ ոչինչ»։
Քաջարանցի տղամարդկանցից մեկը, որը նաև ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացնում էր տեղի ունեցող իրադարձությունները՝ հատուկ կոչով հանդես եկավ․
«Կրկին հիշեցնեմ բիոզանգվածի համար, բիոզանգված, իմացեք՝ սա Զանգեզուրն է, այստեղ պոպուլիզմ, էմոցիաներ չկան, այստեղ կա՝ կամք, վճռականություն և հերոսական հաղթանակ։ Եվ, այո, այդ Ալիևը, այդ քոչվոր ցեղապետն իր բարբաջանքի պատասխանը նույն ձևով ստանալու է սյունեցուց, զանգեզուրցիներից»։
Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է։ Նա այսօր առավոտյան եղել էր Ագարակում, որտեղ արժանացել էր սյունեցիների հայհոյանքներին։ Նույն կերպ նրան դիմավորել էին Մեղրիում, որտեղից նա թիկնազորի, ոստիկանների և ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել էր։