Հայաստանի ղեկավարը ստախոս է, դա բացարձակ սուտ է, նման բան չի եղել․ առաջարկում ենք բերել որևէ ապացույց․ Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին խորհրդարանում հայտարարել էր, թե ՀՀ առաջին նախագահը 2018 թվականի հուլիսին իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»։ «​Ազատությանը» տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այս առնչությամբ ասել է․ «Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա շատ կատեգորիկ ձևով է ասում: Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել:

Հայոց պետության ղեկավարի ստելու այդ կարողությունն իրականում ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, որովհետև այդ նույն ոճը նա գործածում է ոչ միայն ներքին քաղաքական հանդիպումների ժամանակ, այլ նաև արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ, և այն աղետալի հետևանքները, որ մենք ունենք դիվանագիտության մեջ, այս պատերազմի մեջ, որոշ մասով կապված են նաև իր անվստահելիության հետ և պայմանավորվել չկարողանալու իր այդ որակի հետ և ընդհանրապես բավականին լուրջ համակարգային արատների հետ, որ իր կառավարումն իր մեջ պարունակում է:

Ինչ վերաբերում էր իր պնդմանը, կոնկրետ ասում ենք՝ սա բացարձակ սուտ է: Մենք առաջարկում ենք՝ եթե ինքը իր վարկը ցանկանում է փրկել, թեև արդեն այդ վարկը փրկել ոչինչ չի կարող, ուղղակի բերել որևէ ապացույց, առավել ևս, որ ինքը ասում է մեջբերում, սա նշանակում է, որ ինչ-որ ձևով կարող է ապացուցել, որ նման բան ասվել է: Մենք առաջարկում ենք բերել որևէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը ընդհանրապես նման բան ասել է: Ոչ, դա սուտ է, սխալ է, նման բան չկա:

Ինչ է ասել Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ոչ միայն չի հասկանում, որ ընդհանրապես գաղտնիքներ չի կարելի բացել, ասում է՝ գաղտնիք ասեմ, հետո բացում է գաղտնիք, բայց դրա վրա էլ ավելացնում է մեկ այլ հանցագործություն, ոչ թե գաղտնիք է բացում, այլ գաղտնիք բացելու շղարշի տակ ներկայացնում է բացարձակ սուտ հորինվածք՝ սա անվայել պահվածք է պետության ղեկավարի համար, հետևաբար, ես ասում եմ՝ մենք մի քիչ այլ բարոյականության տեր մարդիկ ենք և ընդհանրապես բանակցությունների կամ պետական քաղաքականության այլ էթիկայի ներկայացուցիչներ ենք, բնականաբար, կոնֆիդենցիալ խոսակցությունների բովանդակությունը չենք բացում: Խոսացվել է լրիվ այլ բան, լրիվ այլ բաներ են ասվել»։

Հարցին, թե հողերի մասին խոսակցություն չի՞ եղել, Լևոն Զուրաբյանը պատասխանել է․ «Բացարձակ սուտ է դա: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում հայտնի է մեր ժողովրդին 90-ական թվականներից, դա երբեք փոփոխության չի ենթարկվել: 97 թվականին Տեր-Պետրոսյանն առաջարկել է իր հայտնի պլանը, ավելի ճիշտ իր հայտնի հոդվածով ներկայացրել է, թե ինչպիսի լուծում կա ղարաբաղյան խնդրում, և որ այդ լուծումը պետք է ընդունել այն պահին, երբ որ մենք խոսում ենք ուժի դիրքերից, իսկ եթե դա չանենք, այս տարիների ընթացքում, ապագայում Ադրբեջանը բազմիցս հզորանալու է Հայաստանի նկատմամբ, և այն, ինչ որ մենք կարող էինք ստանալ, խնդրելու ենք, բայց չենք ստանալու:

Նույն դիրքորոշումը հայտնվեց 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ որ մենք ուղղակի նախազգուշացրեցինք, երբ Տեր-Պետրոսյանը նախազգուշացրեց ամբողջ ազգին, որ արդեն ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե մենք չգնանք խաղաղության, մեզ սպառնում է աղետալի պատերազմ՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով»:

Տեսանյութեր

Լրահոս