Հրապարակային կոչերի համար նախատեսված պատժաչափը խստացնող՝ Բաբաջանյանի օրենսդրական նոր նախագիծը

Ազգային ժողովի որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։ ՔՕ-ի  301 գործող հոդվածով կատարած հանցագործության համար նախատեսվում է պատիժ` տուգանքի տեսքով` 300-500 հազար դրամի չափով, կամ կալանք` 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Պատգամավորն առաջարկում է տարանջատել հանցագործության տեսակներն ու համապատասխանաբար փոփոխել պատժաչափերը, այսինքն՝ արարքի` բռնությամբ կամ ոչ բռնությամբ  հրապարակային կոչերի, զատել առանձին հոդվածների, բռնությամբ կատարված կոչի համար պատժաչափն էլ խստացնել։ Արդյունքում, ստացվում է, եթե կոչերը  նշված արարքները բռնությամբ կատարելուն  ուղղված չեն, ապա պատիժ է սահմանվում  ՝ 300-500 հազար դրամի չափով տուգանքը, կամ կալանք` 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով, Իսկ եթե դրանք բռնությամբ կատարելուն ուղղված հրապարակային կոչեր են, ապա  պատիժ է սահմանվում՝ կալանք 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում` 3-5 տարի ժամկետով: Նախագծով նաև առաջարկում է սահմանել, թե որն է համարվելու այս հոդվածի իմաստով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված հրապարակային կոչը:

Հեղինակը նախագծի հիմնավորման բաժնում նշել է, որ  սահմանադրական կարգի տապալմանն ուղղված հրապարակային կոչ է համարվում ՀՀ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացմանն ուղղված հրապարակային կոչը:

Պատգամավորը օրենսդրական փոփոխությանը կից ներկայացրած հիմնավորման մեջ նշել է, թե ներկայիս հանրային-քաղաքական իրողությունների համատեքստում հանրային դիսկուրսում խոսքի ու կարծիքի արտահայտման ազատության սահմանադրման կամ որոշարկման հիմնախնդիրը ձեռք է բերել առանձնահատուկ ցցուն և սուր բնույթ, և, որ մասնավորապես ՀՀ գործող օրենսդրությամբ, ըստ նախագծի հեղինակի, լիարժեքորեն կարգավորված չէ կուսակցական քարոզչության ընթացքում կամ հրապարակային խոսքում սահմանադրական կարգը վտանգող գաղափարների տարածման հարցը:

«Գործող Քրեական օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեորեն

պատժելի են միայն որոշակի բռնի գործողությունների հրապարակային կոչերը և ահաբեկչության, դրա ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության քարոզչությունը կամ արդարացումը։

Առկա թերի իրավակարգավորման հետևանքով ստացվում է, որ սահմանադրական կարգի խախտմանը կամ տապալմանն ուղղված կամ սահմանադրական կարգի խախտում կամ տապալում ենթադրող (նշանակող) գաղափարների տարածումը կուսակցությունների կամ անհատների կողմից, եթե դա չի ուղեկցվում բռնության կոչերով կամ չի հանդիսանում ահաբեկչության քարոզչություն, տեղավորվում է խոսքի ազատության տիրույթում և պաշտպանվում է պետության կողմից։

ՀՀ իրավակարգի այս վակուումը հանգեցրել է նրան, որ գործող կուսակցություններից շատերը, ինչպես նաև տարաբնույթ հանրային և քաղաքական գործիչներ հրապարակայնորեն քարոզում են ՀՀ ինքնիշխանության վերացում և ինտեգրում այլ պետության կազմում, արդարացնում և գովաբանում են կոռուպցիան, կոչ են անում վերացնել Հայաստանում մարդու իրավունքները, գովերգում են ռազմական բռնապետության հաստատման գաղափարը և այսպես շարունակ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Հեղինակի դիտարկմամբ` հիշյալ համասահմանադրական և հակապետական քարոզչությունը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցում և հավաքներում էական սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վրա հիմնված հասարակական-պետական կարգի համար, ու խոսքի ազատությունը Հայաստանի հանրային որոշակի խմբերի կողմից օգտագործվում է ժողովրդավարությունը վարկաբեկելու, պետական ինստիտուտները դելեգիտիմացնելու, հանցավորությունը խրախուսելու համար:

Անկախ պատգամավորն ակնկալում է, որ նախագծի ընդունումը «թույլ կտա որպես սահմանադրական կարգի տապալման կոչ որակել անձի կողմից ցանկացած այնպիսի կոչի հնչեցումը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության 1-5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 1-ին մասին նորմերի վերացմանն ու մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության` կանխարգելիչ ազդակ հղելով որևէ հասարակական պետական գործող կարգի տապալման գաղափարա-քարոզչական գործունեություն իրականացնող կամ այդ քարոզչական թեզերը որպես սահմանադրական կարգի տապալմանն ուղղված հնարավոր գործողությունների արդարացում և հիմնավորում օգտագործելու նպատակ կամ շարժառիթ ունեցող անձանց, ինչպես նաև հնարավորություն կտա հիմքեր ստեղծել այն կուսակցությունների գործունեության կասեցման համար, որոնք զբաղվում են սահմանադրական կարգի տապալման կամ դրա որևէ տարրի չեղարկման քարոզչությամբ»:

Նախագծի քննարկումը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվել էր ապրիլի 7-ին, սակայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի  3-րդ մասին համաձայն՝ այս նախագծի քննարկումը, ի թիվս մի քանի այլ նախագծերի, հետաձգվել է մինչև երկամսյա ժամկետով:

Թե ի՞նչ ճանապարհ կանցնի այս նախագիծը, դեռ անհայտ է: Հետաքրիր է, որ լրատվամիջոցի ղեկավար, լրագրող, սեփական նախաձեռնությամբ հիմնադրված կուսակցության ղեկավար անդամն է նման նախագծով հանդես գալիս։ Արդյոք պատահակա՞ն է, թե՞ զուգադիպություն այս նախագծի ի հայտ գալը։ Պարզապես հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչեց ՔՕ մեկ այլ` 300.1 հոդվածը, որում պատիժ էր սահմանված սահմանադրական կարգը տապալելու համար, որն էլ, ինչպես պատգամավորի նախագծում, ներկայացված էր՝ որպես Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացում:

Տեսանյութեր

Լրահոս