«Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում»․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադառնալով հունիսի 20-ին անցկացվելիք  արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին հստակ հարց տվեց, թե ե՞րբ է  պատրաստվում հրաժարական տալ․

«Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո, համաձայն խորհրդարանական ուժերի և Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, որից հետո պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ, ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, որովհետև սահմանադրության ձևակերպումները, պարտադրում են, որ, այնուամենայնիվ, լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի։

Երկրորդ անգամ ես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների 1/3-ի կողմից կառաջադրվեմ էլի երկրորդ անգամ վարչապետի թեկնածու, էլի վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ 2021 թվականի հունիսի 20-ին»։

Արման Բաբաջանյանը Փաշինյանին ուղղված հարցում ներառել էր նաև, թե հրաժարականի համատեքստում ի՞նչ ռիսկեր է տեսնում, քանի որ կան մտահոգություններ, որոնք ուղեկցվում են տարբեր քաղաքական հայտարարություններով, որ բանը չպետք է հասնի ընտրությանը։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական ինքնասպանություն որակեց ժողովրդի առաջ ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից շեղվելու փորձը, ապա հավելեց, թե այդ դեպքում ինչ տեղի կունենա․

««Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ, և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ՝ ոչ մեկը քաղաքական ինքնասպանության գնալու փորձ չի անի»։

Տեսանյութեր

Լրահոս