Ինչու են Երևանի մետրոպոլիտենից ռուսաց լեզվով ցուցանակները հանվել․ պարզաբանում է մետրոպոլիտենի խոսնակ
Այսօր «Մոսկվայի տանը» լրագրողները ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի Երևանի մետրոպելիտենի այն գործողությունը, ըստ որի՝ Մետրոպոլիտենից հեռացնում են այն բոլոր ցուցանակները, որոնք ռուսաց լեզվով են՝ թողնում են միայն հայերենը և անգլերենը։
«Ես մեկնաբանություն չունեմ, քանի որ այդ տեղեկատվությունը, որի մասին խոսում եք, պետք է մանրամասն ուսումնասիրեմ»,- ասաց ՌԴ դեսպանը։
168.am-ը Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով են հեռացնում ռուսերենով ցուցանակները։
«Այդ ցուցանակները հանվում են, թարմացվում, մաքրվում, հետո նույն տարբերակով տեղադրվում են։ Դրանք չեն հանվում և դրանց փոխարեն գովազդային վահանակներ չեն տեղադրվում, ինչպես նշում եք։ Պարզապես թարմացման աշխատանքներ են կատարվում, 39-40 տարվա ցուցանակները փոխվում են թարմացման ակնկալիքով»,- նշեց մեր զրուցակիցը։