«Հիմա մեր հերթն է, Գագիկ Ծառուկյանը պետք է լինի երկրի ղեկավար, նա հաջողակ մարդ է». Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝  ընտրությունների միջոցով,  արկղի մեջ թուղթ գցելով՝  Հայաստանում իշխանություն երբեք չի փոխվել։

«1998 թվականին իշխանության մի մասի պահանջով Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, այնուհետև 10 տարով Երկրորդ և Երրորդ նախագահները պաշտոնավարել են։ 2018 թվականի ապրիլ-մայիսին հանրության ճնշման տակ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հիմա մենք առաջին անգամ շանս ունենք ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնենք։ Մենք պետք է մի այնպիսի ընտրություն կազմակերպենք, որ իշխանափոխություն տեղի ունենա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը։

Ըստ պատգամավորի՝ ընտրությունների արդյունքները պետք է լինեն խիստ բալանսավորված, այսինքն՝ 50 տոկոս +1 պետք է որևէ մեկը չհավաքի, թե ինչու, բոլորը գիտեն։

«Այս պահին հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը, որ մենք 15 տարի է՝ խորհրդարանում ենք և եղել ենք երկրորդ ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու իշխանության, Գագիկ Ծառուկյանը պետք է լինի երկրի ղեկավար։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք միայնակ։ Գագիկ Ծառուկյանը շատ լավ կարող է բանակցել, նա մեծ հեղինակություն ունի ԵԱՏՄ երկրների շրջանակներում, Եվրոպայում, Չինաստանում։ Կրկնեմ՝ մենք գնալու ենք հաղթելու, Գագիկ Ծառուկյանը հստակ հայտ է ներկայացնում՝ պետության ղեկավար, վարչապետ, հիմա ԲՀԿ-ի հերթն է։ Գագիկ Ծառուկյանը հաջողակ մարդ է, սպորտը քանդված վիճակում էր, հենց Գագիկ Ծառուկյանը ձեռքը դրեց սպորտի վրա, մենք սկսեցինք հաջողություններ գրանցել»,- հավելեց Միքայել Մելքումյանը։

Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակներին, պատգամավորն ասաց, որ առայժմ ցուցակ չկա։

Տեսանյութեր

Լրահոս