Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտան Հայաստանի երկու ներկայացուցիչները` Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը գլխավերևում պահեց 165 կգ, իսկ հրում վարժությունում զրո ստացավ:
Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գարնցեց 372 կգ արդյունք և դարձավ բրոնզե մեդալակիր:
Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա դարձավ փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, մասնակցում է 14 մարզիկով: