Ոստիկանապետը փորձում է հանդիպում կազմակերպել ՊՆ ղեկավարության ու կառույցը շղթայած ծնողների միջև
Երեկ առավոտյան 11-ից անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են Պաշտպանության նախարարության շրջափակումը: Երեկ 168.am-ը գրել էր, որ շենքում հիմնականում շարքային աշխատակիցներն են։ Ներսում է նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նախարարության այն աշխատակիցները, ովքեր նախարարության շրջափակման պահին եղել են դրսում, ապա փորձել են ներս մտնել, ՊՆ մտնել չեն կարողացել: Անհետ կորած զինծառայողների հարազատները նրանց մուտքը ևս արգելել են:
Այսօր նախարարության շենքի մոտ իրավիճակի սովորականից ավելի էր լարվել: Անհետ կորած զինծառայողների հարազատներից ոմանք փորձել էին անգամ ՊՆ-ի շենքի պարիսպների վրայով ներս անցնել, իսկ այդ ընթացքում նախարարության շենքից ուղղաթիռով էվակուացնում էին ՊՆ շենքում գտնվող աշխատակիցներին:
Ավելի քան երկու ժամ է, ՊՆ շենքի տարածքում է նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Վերջինս փորձել է ծնողներին համոզել, որ մի քանի փոքր խմբով անցնեն ներս և հանդիպում ունենան ՊՆ ղեկավարության հետ, սակայն անհետ կորածների հարազատները, ինչպես նաև երեկ երեկոյից նրանց միացած գերիների ծնողները փոքր խմբերով հանդիպման համաձայն չեն:
Վերջիններս պահանջում են, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ԳՇ պետ Արտակ Դավթյանը դուրս գան ՊՆ շենքից և դրսում հանդիպեն անհետ կորածների հարազատներին:
Վահե Ղազարյանն այժմ ՊՆ շենքում է: Հավանաբար հետագա բանակցությունների համար ոստիկանապետը կրկին փորձում է հող նախապատրաստել: