Ռուս զինծառայողների այցելությունը Տավուշ ունի մշտական բնույթ. Հայկ Չոբանյան

Մարտի 6-7-ն ընկած ժամանակահատվածում համացանցում Տավուշի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ տարբեր տեղեկություններ հայտնվեցին: Եղավ հրապարակում, թե քաղաքացու վարորդական իրավունքում Հայաստանի փոխարեն նշվել է Ադրբեջան, որը նախ հերքվեց, ապա հաստատվեց, որ նման բան եղել է, բայց սխալմունք էր:

Ապա տեղեկություն տարածվեց, թե Տավուշում շրջում են ռուս խաղաղապահներ: Որոշ օգտատերեր նշում էին, թե համացանցում նկատել են Իջևանի խանութներում գնումներ կատարող ռուս խաղաղապահների լուսանկարներ: Նաև տեղեկություններ շրջանառվեցին, որ Տավուշի մարզից որոշակի հատվածներ են տրվելու Ադրբեջանին:

Տավուշի մարզպետ Հայ Չոբանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե ռուս զինծառայողների գտնվելը Տավուշում ունի մշտական բնույթ:

«Քանի որ այս հարցը բավականին արծարծվել է, և ես մի շարք նույնիսկ հարցազրույցներով ուղիղ անդրադարձել եմ բավական մանրամասն այս թեմային, երկար չեմ պատասխանի: Կասեմ, որ Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, մենք որևէ սահմանային փոփոխության որևէ, որևէ քննարկում, որևէ տեղեկատվություն չունենք, և որևէ բան գոյություն չունի: Ինչ վերաբերում է զինծառայողների այցելությանը Տավուշի մարզ, դա մշտական բնույթ ունի և դա կապված է Պաշտպանության նախարարության ֆունկցիաների, գործողությունների և իրենց պարտականությունների կատարման հետ: Ուրեմն այսքանը՝ ռուս խաղաղապահների մասով, թե՞ խաղաղապահներ են, թե՞ ինչ զինվորներ են՝ մնացած հարցերով խնդրում եմ դիմեք Պաշտպանության նախարարությանը»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Հարցին, թե հիմա ռուս զինվորներ Տավուշում կա՞ն, նա արձագանքեց․ «Ոչ, ոչ հիմա»։

Այնուհետև նա լրագրողներին կրկին հորդորեց ռուս զինվորների տեղաշարժի մասին հարցն ուղղել ՊՆ-ին կամ ԳՇ-ին:

«Նայեք, նորից եմ կրկնում հետևյալը, հա՞: Թեման, որը բարձրացվել է, վերաբերում էր Տավուշի մարզից իբր տարածքների հանձնմանը: Այդպիսի թեմա գոյություն չի ունեցել և չունի: Ինչ վերաբերում է զինվորների տեղաշարժին՝ դա կապված է Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի գործառույթների հետ, և եթե դուք լրացուցիչ հարցեր ունեք այս առումով, կարող եք դիմել այնտեղ»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Տավուշի մարզպետը նաև չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք ռուս զինծառայողները Տավուշի մարզում են հայտնվել պատերազմից հետո: Այդ հարցն էլ հորդորեց ուղղել ՊՆ-ին ու ԳՇ-ին:

Լրագրողի հարցին, թե մարզպետի կարծիքով՝ ի՞նչն է խոսակցությունների առիթ տվել, որ գյուղերը պետք է հանձնվեն Ադրբեջանին, նա արձագանքեց.

«Ես չեմ ուզում կարծիքներով և ենթադրություններով հայտարարություններ անեմ, դրա համար յուրաքանչյուր պետական ինստիտուտ ունի իր ֆունկցիաները և ունի իր գործողությունների շրջանակը, և մենք էլ պիտի հասկանանք, որ մենք պատերազմական երկիր ենք, և կան հարցեր, որոնք որ նույնիսկ հրապարակային քննարկման ենթակա չեն: Դրա համար համապատասխան գերատեսչությունը թող որոշի, թե այդ հարցի պատասխանը ինչ լայնությամբ և ինչ ծավալով կարող է ներկայացնել հանրությանը»:

Տավուշի մարզպետը բացառեց Տավուշի մարզից Ադրբեջանին շրջաններ հանձնելու հնարավորությունը այն ժամանակահատվածում, երբ ինքը Տավուշում կլինի պատասխանատու:

«Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը որևէ մեկի կողմից, որևէ մեկի կողմից՝ մինչև գոնե ես կլինեմ այնտեղ պատասխանատու և ես կապրեմ այս երկրում: Եվ եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի, առաջինը ես կլինեմ, որ կանգնած կլինեմ այդ սահմանում՝ վտանգը չեզոքացնելը: Հայ ժողովրդի և Հայաստանի այս թեման պետք է փակ լինի և քննարկման առարկա չդառնա: Եվ միակ տեղը, որտեղ վտանգ ունենք մենք՝ այս խնդիրները քննարկելու, դա ներսում չի, այլ դա դրսում է: Եվ մենք դրա համար մեր այս մոտեցումներով, այս քննարկումներով չպետք է վախկոտ, մեզ համար ոչ ձեռնտու վարքագիծ ցուցաբերենք և ջուր լցնենք թշնամու ջրաղացին: Ես ուզում եմ՝ այս թեման փակվի ընդհանրապես…

Մենք մեր խնդիրը լիարժեք լուծում ենք Տավուշի մարզում, Պաշտպանության նախարարության բոլոր ստորաբաժանումները լիարժեք իրենց վրա դրված բոլոր պարտականությունները կատարում են՝ սահմանի հետ կապված: Մեզ համար Հայաստանի Հանրապետության Տավուշի հատվածի սահմանը դա այն սահմանն է, որտեղ կանգնած է Հայաստանի Հանրապետության զինվորը»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Տեսանյութեր

Լրահոս