«Վահեն շատ բարձր տրամադրություն ուներ». «Հարսնաքարի գործով» տուժող
«Հարսնաքարի» գործով դատական նիստում այս պահին հարցաքննվում է գործով տուժող Էդգար Նիկոյանը: Նա պատասխանում է դատավարության կողմերի հարցերին: Պատասխանելով մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ Էդգար Նիկոյանն ասաց, որ ավտոկայանատեղիում հավաքվածները մոտ 20-25 հոգի էին, նրանք իրենց հարցնում էին` ո՞վ է հայհոյել:
Պատասխանելով մեղադրողի հարցին՝ արդյոք ինքն ուշագնաց եղե՞լ է, Էդգար Նիկոյանը պատասխանեց, որ ինքը ծեծկռտուքի արդյունքում ուշագնաց չի եղել. «Սաստող, խափանող արտահայտություններ չեմ լսել: 2-3 րոպե անց դադարեց ծեծկռտուքը, ես չեմ լսել կոչ, որով ավարտվեր ծեծկռտուքը»:
Պատասխանելով իր ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին՝ Էդգար Նիկոյանն ասաց, որ ինքը տեսել է, որ Վահե Ավետյանը լվացվելուց հետո վերադառնում է, բայց իրենց չի հասել:
«Արդյոք նրան ինչ-որ մեկը կանչե՞ց»՝ հարցին, տուժողը պատասխանեց, որ աղմուկ էր, և ինքը չկարողացավ հասկանալ՝ Վահեին ինչ-որ մեկը կանչե՞ց, թե՞ ոչ: Պատասխանելով Տիգրան Եգորյանի հարցին՝ ինչպիսի՞ն էր Վահեի տրամադրությունը տաբատը փոխելուց հետո ռեստորան վերադառնալու ժամանակ՝ տուժողը պատասխանեց, որ Վահեն շատ բարձր տրամադրություն ուներ: Բայց երբ Վահեն մատուցողին հարցրել է՝ արդյոք կեպիո՞վ էլ չի կարելի, մատուցողը շատ ագրեսիվ է պատասխանել նրան:
Տուժողը նաև ասաց, որ չի կարող ասել` ով է իրեն հարվածել, որովհետև ոտքով էին հարվածում:
Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հարցին պատասխանելով՝ Էդգար Նիկոյանը նշեց, որ դեպքի օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տարբեր միջոցառումներ էին անցկացվում, հնարավոր է` եղել է տեսանկարահանում: Այժմ տուժողը պատասխանում է գործով տուժող Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանի հարցերին: