Ինչո՞ւ է հապաղում ՀԱԿ-ը

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե ԱԺ արտահերթ նիստի տապալման կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին քանի՞ պատգամավոր է միացել: Վերջինս զարմացած արձագանքեց. «Ի՞նչ ստորագրություն»:

Հարցը հստակեցնելուց հետո` նա ավելացրեց. «Բայց ո՞վ ա նման ստորագրահավաք արել: Բայց ո՞վ ասեց, որ մենք հիմա ստորագրահավաք ենք նախաձեռնել»: Իսկ հաջորդ հարցին, թե ե՞րբ են պատրաստվում իրականացնել իրենց նախաձեռնությունը, պատգամավորը պատասխանեց. «Երբ որ նախաձեռնենք, չեմ կարող հիմա ասել»:

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա չեն նախաձեռնում, վերջինս պատասխանեց. «Շատ պարզ ա, պետք է շատ հստակ հայցը ձևակերպենք, դրա վրա մենք աշխատում ենք, մենք դեռ կոնսուլտացիաների մեջ ենք խորհրդարանական գործընկերների հետ»:

Իսկ մեր դիտարկմանը, թե ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայտարարել է, որ չի միանալու տվյալ նախաձեռնությանը, և արդյո՞ք մյուս խմբակցություններից պատասխան ստացել են, Լ. Զուրաբյանը նշեց. «Նախ` Դաշնակցության հետ կոնսուլտացիաները դեռ չենք ավարտել, իրենք մեզ նման բան չեն ասել, որ որևէ դեպքում կամ որևէ իրավական ձևակերպման դեպքում նրանք չենք միանա մեր նախաձեռնությանը: Մեզ նման բան չի ասվել, և մենք կոնսուլտացիաները շարունակում ենք»:

Մինչդեռ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ մեզ հետ հաստատեց, որ Դաշնակցությունը չի միանալու այդ նախաձեռնությանը:

«Մենք այս փուլում անհրաժեշտություն չենք համարում` Սահմանադրական դատարան դիմելու, որովհետև գտնում ենք, որ իրավական բազմաթիվ խնդիրներ կան այս հարցի հետ կապված, որոնք մենք հիմա կարող ենք մինչև Սահմանադրական դատարան հասնելը` որոշակի ընթացակարգերով գնալ` հավաքագրել փաստեր, ապացույցներ, հիմնավորել, որպեսզի ավելի պինդ ձևով մտնենք Սահմանադրական դատարան»,- նշեց Ա. Մինասյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե Դաշնակցությունն արդեն ուղարկե՞լ է նամակը ԱԺ Էթիկայի հարցերով հանձնաժողովին (հիշեցնենք, որ արտահերթ նիստի տապալման կապակցությամբ ՀՅԴ-ն հայտարարել էր, թե նամակով դիմելու է ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողով), ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Ես` որպես Էթիկայի հանձնաժողովի անդամ, այսօր եմ ծանուցվել հանձնաժողովի քարտուղարությունից, որ ստացել ենք դիմում, թե ի՞նչ բովանդակությամբ, ի՞նչ ծավալով` ցավոք, տեղյակ չեմ»:

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, թե իրենք միանալու են ՀԱԿ-ի` ՍԴ դիմելու նախաձեռնությանը: Զ. Փոստանջյանն ասաց նաև, որ ՀԱԿ-ն ԱԺ-ից դեռևս չի վերցրել համապատասխան ձևաթուղթը, սակայն խորհուրդ տվեց ՀԱԿ-ից հարցնել այդ մասին:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս