Բաժիններ՝

«Հարրի Փոթեր»-ն ամենապահանջվածն է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երրորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

Չորրորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը» հինգերորդ տեղում է: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:

Դիսնեյի դասական հեքիաթներից «Սառցե սիրտը» վեցերորդ հորիզոնականում է: Արենդելի երջանիկ թագավորությունում հավերժական ձմեռ է տիրել: Կհաջողվի՞ արդյոք արքայադուստր Աննային քրոջը գտնել և Արենդելը փրկել ձմեռվա ճիրաններից:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» յոթերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Ութերորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:

Իններորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Լիլիթ Հակոբյանի «Թելեթրիփ» մանկական վիպակը տասներորդ տեղում է: Այն յոթ համաստեղություն այն կողմ ծվարած մոլորակի, այնտեղի բնակիչների ու հատկապես մի աղջկա ու նրա տատիկ–պապիկի մասին է: Թելեթրիփում կյանքն այլ է, ժամանակային չափումները այլ են: Թելեթրիփցիները ուշիուշով հետևում են Երկիր մոլորակի անցուդարձին ու երբեմն–երբեմն հատուկ առաքելությամբ գալիս են մեր մոլորակ: Յուրատեսակ այդ մարդկանց միակ բուժումը արվեստն է: Այս արտասովոր մոլորակում ամեն բան այնքան տպավորիչ է, որ ուզում ես տեղափոխվել այդ իրական–անիրական աշխարհը և հերոսուհու ու նրա տատիկպապիկի հետ մեկ գարուն ապրել այնտեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս