«Մենք չենք կարող այս միջավայրում ապրել, սա տոքսիկ միջավայր է, և մենք պետք է ազատվենք դրանից, ուզենք թե չուզենք». Սեդրակ Ասատրյան

«Վերջին շրջանում մամուլում շատացել են պնդումները, որ տեսակետ, համոզմունք արտահայտելու համար մարդկանց աշխատանքից ազատում են: Ընդ որում, խոսքը գնում է պետական աշխատանքի մասին: Անկեղծ ասած, ինձ մոտ սկսվում է դեժավյու վիճակ. Ես այդ վիճակը տեսել եմ նաև ՀՀՇ-ի ժամանակ, երբ ոչ միայն աշխատողներին էին աշխատանքից ազատում, այլև փնտրում էին պետական աշխատողների հարազատներին, բարեկամներին, ազատում աշխատանքից ընդդիմադիր լինելու հիմքով: Ես հիշում եմ՝ մի անգամ եղբորս հետ, ով բարձրաստիճան պաշտոնյա էր, փողոցում խոսում էի ու զգում էի, որ նա կաշկանդված է, չի ուզում՝ մեզ միասին տեսնեն: Ցավոք սրտի, այդ ժամանակները վերադառնում են»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը՝ անդրադառնալով վերջին օրերի հրապարակումներին այն մասին, որ մարդիկ են աշխատանքից ազատվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի կոչին միանալու համար:

Նրա խոսքով՝ բարեբախտություն է այն, որ այժմ այս իշխանություններին չհաջողվեց քանդել կայացած դատական համակարգը, և բացառությամբ մի քանի դատավորների, ընդհանուր առմամբ դատական համակարգն իր տեղում է: Սեդրակ Ասատրյանն այն աշխատողներին, որոնց իրավունքը խախտվել է, կոչ արեց անպայման դիմել դատարան, քանի որ, եթե դատարանում հիմնավորվի, որ աշխատանքից ազատումը եղել է խտրական հիմքով, նրանք անպայման կվերականգնվեն իրենց աշխատանքում:

«Մենք նախկին իշխանությունների օրոք էլ ենք ունեցել դեպք, երբ մարզպետն աշխատանքից առանց պատճառի ազատել է պոլիկլինիկայի տնօրենին՝ հղում տալով Սահմանադրության 88-րդ հոդվածին: Սահմանադրական դատարանն ասել է, որ դա սեփականատիրոջ, բիզնես գործունեություն իրականացնողի ազատ իրավունքն է, որի հետ մենք համաձայն ենք: Այսինքն՝ մասնավոր ընկերությունների դեպքում միանշանակ ճիշտ է այդ ընկալումը, և բաժնետերն իրավունք ունի ցանկացած ժամանակ և կարող է ցանկացած ժամանակ, հղում կատարելով 88-րդ հոդվածին, ազատել աշխատողին առանց պատճառի: Բայց երբ հիմնադիր-բաժնետերը պետությունն է, նա մոռանում է, որ Սահմանադրության 2-րդ գլխով սահմանված իրավունքներից ինքը չի կարող օգտվել: Ինքն իրավունք չունի առանց պատճառի աշխատանքից ազատել մարդուն»,- ասաց աշխատանքային իրավունքի մասնագետը՝ խոսելով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցների և Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրենի՝ իրենց արտահայտած կարծիքի համար աշխատանքից ազատվելու դեպքերին:

Բացի դրանից, ըստ Սեդրակ Ասատրյանի, նշված դեպքերում ակնհայտ է, որ խտրականության հիմքով են նրանց աշխատանքից ազատել, համոզմունք, տեսակետ արտահայտելու համար:

«Աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով հստակ սահմանված է, որ արգելվում է աշխատողին աշխատանքից ազատել համոզմունքի և տեսակետ արտահայտելու համար»,- նկատեց Սեդրակ Ասատրյանը:

Խոսելով մարզպետների կամայական վերաբերմունքի մասին՝ աշխատանքային իրավունքի մասնագետն ասաց, որ հիմա նաև դպրոցների տնօրենների հետ կապված լուրջ խնդիր կա, և իրենց վարույթում կա գործ՝ կապված Վաղարշապատի թիվ 1 դպրոցի տնօրենի հետ, ով նույնպես մարզպետի կողմից ապօրինի ազատվել է աշխատանքից: Վերջինս դիմել է իրենց գրասենյակ, և դատարանում հաղթել են դատը. տնօրենը վերականգնվել է իր աշխատանքում:

Նկատեցինք, որ ըստ էության գրեթե բոլոր նման դեպքերում պետական մարմինները վերաքննիչ բողոքներ են ներկայացնում՝ այսպիսով հետագա ժամանակահատվածի հարկադիր պարապուրդի ֆինանսական բեռը ևս դնելով պետության, հարկատուների ուսերին, և ուրեմն ո՞րն է այս պարագայում վերահսկող մարմինների գործառույթը:

«Վերահսկող մարմինները, մասնավորապես՝ դատախազությունը, լծված են միայն այս իշխանությունների անօրինական գործունեությունը մեկ օրով երկարացնելու գործին: Մենք տեսնում ենք դա ամեն օր, և եթե բոլոր պաշտոնյաներն իրենց տեղում լինեին և վերջապես գիտակցեին, որ նվիրվում են ոչ թե անձին, այլ հայրենիքին, պետությանը, որ պետական աշխատողը ոչ թե սեղանի շուրջ մեկին երդում տված իր առաքելությանն է հետևում, այլ պիտի հասկանա, որ ինքը պաշտոնյա է և ունի առաքելություն և պատասխանատվություն հասարակության, ժողովրդի և հարկատուների առաջ: Ցավոք սրտի, մեր պաշտոնյաների մի մեծ զանգված դա կամ չի հասկանում, կամ նրանց ձեռնտու չէ դա հասկանալ»,- ասաց Սեդրակ Ասատրյանը:

Ինչ վերաբերում է դատախազության նոր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է նախկին իշխանությունների օրոք ապաքրեականացված զրպարտության և վիրավորանքի հոդվածը, ինչը հանրային ծառայողների համար նոր լծակներ կստեղծի ըստ էության, Սեդրակ Ասատրյանն ասաց, որ քանի դեռ պետության ղեկին այս իշխանություններն են, մենք ամեն օր, ամեն ժամ տեսնելու ենք օրենսդրական փոփոխություններ, «իրենց հագով կարելու» օրենսդրություն:

«Սա կնպաստի վարչապետի աթոռին նստած մարդուն միահեծան թագավորի կարգավիճակ տալուն: Ինքներդ էլ եք հասկանում, որ դա դատախազությունը չի առաջարկում: Չունենք անկախ դատախազություն: Դա նշանակում է, որ օդից կախված տեղեկություններով, և նաև մարդիկ են տեսնում այս փոքր քաղաքում, թե ցանկացած գործ մերժելու կամ հարուցելու «պապկաները» ինչպես են թևերի տակ դրած գալիս կառավարություն, OK-ները ստանում ու գնում շարունակում աշխատել»,- ասաց փաստաբանը:

Նա հիշեցրեց հունիսի 18-ին ընդունված մի օրենքի մասին, որով փոփոխություն է մտցվել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 27-րդ  հոդվածում:

«Այդ օրենքն ասում է, որ եթե արտակարգ կամ ռազմական դրության կամ ցանկացած այլ պատճառով տեղի չի ունենում ընտրություններ, վարչապետը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար: Կապ չունի, որ ժողովրդի հետ առնչություն չունեցող մեկը կարող է լինել՝ մի խանութի վարիչ, օրինակ: Դա նշանակում է, որ ՏԻՄ ինստիտուտը շուտով կվերանա: Ռազմական դրության ռեժիմը շարունակում են պահել, որ ընտրություն չլինի: Ընտրություն չի լինի, ՏԻՄ ընտրությունն էլ կվերացնեն փաստացի: Դրանից հետո էդ նշանակված անձը կկազմակերպի ընտրություններ, կվերարտադրվի, և կիրականանա միահեծան թագավոր դառնալու՝ ինչ-որ մեկի երազանքը»,- ասաց Սեդրակ Ասատրյանը:

Վերջինս շեշտեց, որ ամեն ինչ արվում է խոսքի ազատությունը լռեցնելու, երկրում դեմոկրատիան վերացնելու համար:

«Երկրում 3 տարի է՝ ուղղակի ժողովրդավարություն չկա: Այն, ինչ իրենց խանգարում է, վերացնում են: Դատական համակարգին չկարողացան դարձնել «վնգստացող դատավորներ», փորձում են այդ օրենքների միջոցով լուծել իրենց հարցերը»,- ասաց փաստաբանը:

Սեդրակ Ասատրյանը նշում է, որ քանի որ իշխանություններն Ազգային ժողովում մեծամասնություն ունեն, ինչ ուզում, անցկացնում են:

«Երբ Սահմանադրական փոփոխություններով զբաղվում է մի մարդ, ով ընդհանրապես կապ չունի իրավաբանության հետ, ինչի՞ մասին է խոսքը: Իմիջիայլոց, առիթից պետք է օգտվեմ ու իմ շնորհակալությունը հայտնեմ Մարդու իրավունքների պաշտպանին: Սա այսօր այն եզակի ինստիտուտներից է, ով կռիվ է տալիս և իրավունքի, և ժողովրդավարության համար: Փառք ու պատիվ, որ նաև ունենք այդպիսի Մարդու իրավունքների պաշտպան»,- ասաց Սեդրակ Ասատրյանը:

Անդրադառնալով վերջին օրերի ձերբակալություններին և Արա Սաղաթելյանի կալանավորմանը՝ փաստաբանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ում հանձնարարում է, նրան էլ ձերբակալում են:

«Բոլորը գիտեն, որ իշխանությունները ֆեյքերի ինդուստրիա ունեն, բայց ընկել ինչ-որ ֆեյքեր են որսում: Բայց սա շուտով կավարտվի: Շաբաթ օրվա հանրահավաքը դա ցույց տվեց, երբ այդ վատ եղանակին այդ  քանակի մարդիկ էին դուրս եկել՝ ազատվելու այս իշխանություններից: Իշխանությունների այս գործելակերպը փրփուրներից կախվելու տարբերակ է, և ուշ թե շուտ այս ամենը կավարտվի: Բայց այդ բարձրաստիճան պաշտոնյաները պատասխան են տալու: Վստահ եմ, որ տալու են… Ժողովրդի և օրենքի առաջ… Մենք չենք կարող այս միջավայրում ապրել, սա տոքսիկ միջավայր է, և մենք պետք է ազատվենք դրանից, ուզենք թե չուզենք»,- եզրափակեց Սեդրակ Ասատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս