Հայաստանի պատվիրակությունը՝ 7 մրցանակի է արժանացել վրաստանյան GITI 2012 համաժողովում
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը(«Ի-Դի-Էմ-Սի»), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և X-Tech նորարարական ստուդիան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին
Թբիլիսիում վերջերս կայացած «Վրաստանյան ՏՏ նորարարության» GITI 2012 համաժողովին հայաստանյան պատվիրակության ձեռքբերումները: Համաժողովին բիզնեսի և պետական ոլորտներում ներկայացված տասնչորս անվանակարգերից Հայաստանից մասնակցող բարձր տեխնոլոգիաների ընկերություններն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համապատասխանաբար արժանացել են հինգ և երկու մրցանակների:
Մասնավորապես՝
- X-Tech ստուդիայի CityBugs ծրագիրն արժանացել է երկու մրցանակի՝ «Տարվա լավագույն ինտեգրատոր» և «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» անվանակարգերում,
- E-Agro-ն մրցանակի է արժանացել «Բիզնեսի համալիր լուծումներ» անվանակարգում,
- Innovative Greenhouse-ը մրցանակի է արժանացել «Բիզնեսը բիզնեսին՝ լավագույն լուծում» անվանակարգում,
- Instigate-ը մրցանակի է արժանացել «Լավագույն ՏՏ կրթություն» անվանակարգում՝ Գորիսի վերապատրաստման կենտրոնի իր նախագծով,
- Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մրցանակներ է շահել բիզնես նախագծի ճիշտ ուղղորդմանը նպաստած «ՏՏ հաջողված նորարարության» և «Լավագույն տեղեկատվական ռեսուրս» անվանակարգերում:
Համաժողովի շրջանակում, հայաստանյան պատվիրակությունը տասնմեկ պրեզենտացիաներ է ներկայացրել և նոյեմբերի 15-17-ին GITI ցուցահանդեսի հայկական անկյունում ներկայացրել բարձր-տեխնոլոգիական իր լուծումները:
Համաձայնություններ են ձեռք բերվել այս տարի ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվելիք «Առանց փողկապների հանդիպմանը» վրացի գործընկերների մասնակցության վերաբերյալ: Բացի այդ, Instigate ճարտարագիտական ընկերությունը ներկայացրել է իր նորաբաց մասնաճյուղը Թբիլիսիում:
Վրաստանում կայացած համաժողովին հայաստանյան պատվիրակության
մասնակցությունը համակարգել էր ԻՏՁՄ-ն՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ, որը
սատարում է հայաստանյան ՏՏ ընկերությունների արտահանման կարողությունների
զարգացմանը և նպաստում նրանց գործնական հմտությունների կատարելագործմանը
բիզնես հաղորդակցության, մարքեթինգի և վաճառքի ոլորտներում:
2008թ. իր մեկնարկից ի վեր՝ GITI համաժողովը մրցունակությունը և
նորարարությունը խթանելու համար նպատակ ունի նպաստել Կենտրոնական և
Արևելյան Եվրոպայի, բալթյան, ինչպես նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի
երկրների ՏՏ ընկերությունների, ասոցիացիաների և կառավարությունների
ներկայացուցիչների միջև գործարար կապերի ընդլայնմանը և գործընկերային
հարաբերությունների հաստատմանը:
Համաժողովը կազմակերպում են Վրաստանի ՏՀՏ բիզնես խորհրդն ու Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների փոխանակման LEPL գործակալությունը: