Բայդենը պետք է պատժամիջոցներ կիրառի հայերի դեմ պատերազմական հանցանք գործած անձանց դեմ. Դևիդ Ֆիլիպս

Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի Արցախի դեմ վերջին պատերազմում ներգրավված այն թուրքերի, ադրբեջանցիների և իսլամիստ ջիհադիստների նկատմամբ, որոնք Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործություններ են իրականացրել: Այս մասին Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում նշում է Դևիդ Ֆիլիպսը, ով Կոլումբիայի համալսարանում մարդու իրավունքների և խաղաղության հաստատման ծրագրի տնօրենն է և Artsakh Atrocities Project-ի (Վայրագություններ Արցախում նախագիծ) ղեկավարը:

«Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի հանցագործությունը նախապատրաստողների դեմ, ճանապարհորդական արգելք կիրառի նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ, սառեցնի հաշիվները: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը պետք է գործերը տրամադրի «Ինտերպոլ»-ին և կարմիր տեղեկագիր հրապարակի՝ նրանց ձերբակալելու պահանջով»,- նշել է Դևիդ Ֆիլիպսը:

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը թուրքական զինուժի և սիրիացի վարձկանների աջակցությամբ հարձակում էին սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: «Ականատեսները նկարագրում են, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում դիակները, գլխատում քաղաքացիներին, օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպես կասետային ռումբերն ու սպիտակ ֆոսֆորը: Անհրաժեշտ են պատժամիջոցներ մարդկության դեմ հանցանքներ և պատերազմական հանցագործություններ նախապատրաստողներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Ֆիլիպսը: Նա պատմել է, թե ինչպես է Թուրքիան Սիրիայից և Լիբանանից շուրջ 2000 իսլամիստ ջիհադիստների տեղափոխել Ադրբեջան՝ հայերին սպանելու դիմաց պարգևատրումներ խոստանալով:

Ֆիլիպսը նշել է բոլոր ջիհադիստներին, ում ինքնությունը հայտնի է և ովքեր ակտիվորեն ներգրավված են եղել արցախյան պատերազմում հայերի դեմ իրականացվող պատերազմական հանցանքներում:

«Այս ջիհադիստներն ինքնուրույն չեն գործել: Լեռնային Ղարաբաղի գործողությունները ղեկավարել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Իսկ դաշտային գործողություններն իրականացվել են թուրք հրամանատարների միջոցով»,- գրել է Ֆիլիպսը: Նա ընդգծել է, որ ջիհադիստ վարձկաններին Ադրբեջանն ամսական 2000 ԱՄՆ դոլար է վճարել:

Այս ընթացքում Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» նախագիծը հավաքագրել է բոլոր տվյալները պատերազմական հանցագործությունների և դրանց հեղինակների վերաբերյալ:

«Մենք գիտենք՝ ովքեր են այս հանցագործությունների հեղինակները: Սակայն մենք դեռևս չգիտենք` արդյոք Բայդենի ադմինիստրացիան աչք կփակի Արցախի կոտորածների վրա, թե դրանց հեղինակներին պատասխանատվության կենթարկի»,- նշել է Ֆիլիպսը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, որը կայուն է միայն ռուս խաղաղապահների շնորհիվ, շարունակում է պայթյունավտանգ մնալ:

«Պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելը լավագույն ուղին է ադրբեջանցի ու թուրք անձնակազմերի, ինչպես նաև նրանց կից կործող ջիհադիստների կողմից մարդկության դեմ հանցագործությունները կանխելու ուղղությամբ»,- եզրափակել է Դևիդ Ֆիլիպսը:

Դևիդ Ֆիլիպսն ԱՄՆ նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերում ծառայել է որպես գլխավոր խորհրդական և արտաքին հարաբերությունների փորձագետ:

Տեսանյութեր

Լրահոս