«Հայաստանի շուկայում վտանգավոր դեղեր չկան»

Տեղական դեղարտարտադրողների դեղերն անցնում են նույն փորձագիտական քննությունը, ինչ ներմուծվողները, հետևաբար՝ դրանք անվտանգ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

«Մեր մտքի մեջ ուղղակի մտած է, որ տեղական արտադրողները լավը չեն արտադրում, անորակ են, վտանգավոր: Նման բան չկա: Ընդհանրապես Հայաստանի շուկայում վտանգավոր դեղեր չկան»,- վստահեցնում է  նա:

Ըստ Սամվել Զաքարյանի՝ Հայաստանում կեղծ դեղերի շրջանառությունը շատ չէ: Նրա հաղորդմամբ՝ ավելի շատ են Հնդկաստանից ներկրվող այն դեղերը, որոնք իրենց քիմիական բաղադրւթյամբ համապատասխանում են եվրոպական երկրների արտադրանքին, սակայն խնդիրն այն է, որ դրանց ազդեցությունը նույնը չէ, ինչ զարգացած երկրների դեղերինը:

«Մենք ուղղակի պետք է հասկանանք, որ գոյություն ունեն բրենդային դեղեր և ջեներիկ դեղեր: Բրենդայինը նրանք են, որոնք պատենտավորված են, և իրենք են գնային քաղաքականությունը թելադրում: Պատենտները վերջանալուց հետո՝ մյուս արտադրողներն իրավունք ունեն արտադրել այդ դեղերից նույն համաչափությամբ: Միշտ չէ, որ էժանությունը որակի հետ համապատասխանում է»,- ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահը:

Կարդացեք նաև

Սամվել Զաքարյանը նաև նշեց, որ ներկայումս Հայաստանում դեղերի գների զսպման միջոցներ չկան: Դրանք, հնարավոր է, որ սահմանվեն «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքով. «Պետք է հաշվի առնել՝ ինչքանո՞վ է դա էկոնոմիկայի տեսակետից ընդունելի: Եվրոպական երկրներում կա զսպողականության քաղաքականություն: Երբ պետությունը սահմանում է գների սահման, պետությունն ինքն է այդպիսի դեղերի գնորդը: Այդ դեպքում պետությունը կարող է թելադրել դեղերի գների սահմանները: Մեր դեպքում այնքան էլ մեծ չէ այն ցուցակը, որ պետությունը գնում է»:

Խոսելով «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի մասին՝ նա նշեց, որ այն համապատասխանում է եվրոպական մի շարք երկրներում ընդունված օրենքներին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս