Լիտվայի վարչապետը հայտարարել է «Սպուտնիկ V»-ն օգտագործելուց հրաժարվելու մասին
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կարծում է, որ կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնելու անհրաժեշտություն չկա, քանի որ Եվրամիության համատեղ գնումները կապահվեն Արեւմուտքում արտադրվող պատվաստանյութերի բավարար մատակարարումները Լիտվա։
Նա ընդգծել է, որ Լիտվան չի գնի «Սպուտնիկ V» նույնիսկ եթե այն գրանցի Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA):
Այդ մասին Շիմոնիտեն փետրվարի 9-ին հայտարարել է LRT ռադիոկայանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ռուսաստանյան պատվաստանյութը գնելու հնարավորության վերաբերյալ հարցը: Կառավարության ղեկավարն ասել է, որ լիտվացիները կստանան այն պատվաստանյութերը, որոնք արտադրվում են «անդրատլանտյան գործընկերության երկրներում»:
Վարչապետն այն կարծիքին է, որ Ռուսաստանի իշխանությունները պատվաստանյութն օգտագործում են աշխարհաքաղաքական նպատակներով: Նրա խոսքով՝ Եվրոպայի երկրներին եւ մյուս պետություններին իր պատվաստանյութն առաջարկելու Մոսկվայի ձգտումն այն իրավիճակում, երբ դեռ Ռուսաստանի բոլոր բնակիչները չեն ստացել պատվաստում, «հերթական աշխարհաքաղաքական խաղն է, ես դրանում կասկածներ չունեմ»:
Նաեւ Շիմոնիտեն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ ԵՄ-ի առանձին պետություններ որոշել են օգտագործել այն պատվաստանյութերը, որոնք չեն հաստատվել Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կողմից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայում վերջին ժամանակներս ակտիվանում է բանավեճը չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութերի օգտագործման հնարավորության շուրջ:
Հունգարիան ԵՄ-ում առաջինն է հաստատել չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութերը՝ չսպասելով ԵՄ-ի ընդհանուր որոշմանը. Չեխիայի վարչապետը հայտնել է, որ քննարկում է այդ հնարավորությունը: Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հայտարարել են, որ չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութերը կարող են օգտագործվել, եթե դրանք հաստատի EMA-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: