«Առաջարկում եմ չբորբոքել քաղաքացիների նյարդերը». Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին

Այսօր Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստն է: Այն մեկնարկեց մայրաքաղաքի հիմնով: Օրակարգի 3-րդ հարցով ավագանին «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին ընտրեց  Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահ: Այս հարցի քննարկման ժամանակ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ շինթույլտվություններն ուշանում են, ինչն էլ դժգոհությունների  պատճառ է դառնում:

«Հավանաբար տեղյակ եք, որ ուշացումները շինթույլտվությունների, կամ Ճարտարապետական վարչության լիազորություններում  գտնվող համապատասխան թույլտվությունների մասով շատ են, և երբ քաղաքացիները ստանում են այդ ծանուցումները, թերթիկները, որի վրա գրված է՝ «Ձեր պատասխանը կտրամադրվի 5, 15, 30-օրյա ժամկետում», դա մարդկանց մոտ արդեն նյարդայնություն է  առաջացնում, քանի որ այդ ժամկետներից որևէ մեկը չի համապատասխանում, և ուշացումները դարձել են կառուցապատողների թիվ 1  դժգոհությունը: Այսօր քննարկելու ենք հաստիքացուցակներում փոփոխությունների, ավելացումների հարցը, 2 տարի է՝ ավելացնում ենք ամեն տեղ, բացի շինարարական բլոկից, որտեղ մեր ծանրաբեռնվածությունը կա և օբյեկտիվ է: Առաջարկում եմ, որ եթե շինթույլտվությունների պատասխանն իրականում չպետք է տրվի 15 կամ 30-օրյա ժամկետում, ապա ավելի լավ է մեր քաղաքացիների նյարդերը չբորբոքենք, և գրենք, որ կպատասխանենք այն ժամանակ, երբ կհասցնենք, այն ժամանակ, երբ կուզենք, այն ժամանակ, երբ քաղաքապետը կստորագրի, բայց օր չնշենք, քանի որ փաստացի օրը չենք պահպանում»,- ասաց Խաժակյանը:

Հայկ Մարությանն արձագանքեց, որ այս շրջանում իսկապես Ճարտարապետական վարչությունը շատ ծանրաբեռնված է, բայց դա ժամանակավոր է, և դրա համար չարժե ավելացնել մեծ թվով հաստիքներ, սակայն ինքն ինտենսիվ աշխատում է վարչության պետի հետ՝ նոր հաստիքացուցակ կազմելու համար:

«Վերջերս երկու-երեք դեպք եղավ, որոնց մասով լայն քննարկում եղավ, մարդիկ դիմել էին նաև Կառավարություն, որ՝ «տեսեք, ուշանում է», դիմել էին տարբեր մարմիներ: Այդ մի քանի դեպքով ես մինչև վերջ ուսումնասիրել եմ, պարզվել է, որ մարդուն շատ հստակ պատասխանում ենք, որ այս տարածքում այն կառուցապատումը, որը Դուք իրականացնում եք, հնարավոր չէ, բայց հնարավոր է այս մի կառուցապատումը, և այդ մարդն ասում է,  որ չէ, ես իմ ուզածն եմ ուզում, հետո ասում է՝ «տեսեք, ձգձգում են, իմ ուզածը չեն տալիս»,- ասաց Մարությանը  և հիշեցրեց, որ Երևան քաղաքն ունի դիմագիծ և կառուցապատման կանոններ, որոնց պետք է հետևեն կառուապատողները:

Տեսանյութեր

Լրահոս