«Նիկոլ Փաշինյանի խմբագրած յուրաքանչյուր միտք շատ ավելի վատն է լինում, քան «բնօրինակը». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը «Շուշիի մասին» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Եռաբլուրում լրագրողի իրեն ուղղված հարցին՝ իր կարծիքով Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք է: Լրագրողի հարցը ծագել էր հունվարի 20-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ Փաշինյանին ուղղված հարցից և դրան տրված պատասխանից:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստում էր, երբ ասում էր, որ առաջարկել է հոկտեմբերի 19-ին շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը՝ Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալով:

– Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով:

Կասկածելի ենթատեքստ ունեցող հարցով էր պատասխանել Փաշինյանը:

Այսօրվա ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն ի վերջո հստակ պատասխան տվե՞ց լրագրողի հարցին:

168.am-ը դիմեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին.

«Իհարկե ոչ, նա վերահաստատեց, որ ըստ իր տեսության՝ Շուշին ադրբեջանական է: Նա նախ հաստատեց, որ հոկտեմբերի 19-ին, այո, տարբերակ կար պատերազմը կանգնեցնելու, որովհետև դա առաջարկել էր ՌԴ նախագահը, նա հաստատեց, որ իրեն նման առաջարկ արվել է, բայց նա հրաժարվել է, որովհետև իր տեսությամբ, եթե Շուշին վերաբնակեցվեր ադրբեջանցիներով, ապա այն «արդյոք կլինե՞ր հայկական»: Հիմա ես պատասխանում եմ Նիկոլ Փաշինյանին և ուղղում եմ իրեն հրապարակային բանավեճի առաջարկ՝ հիմնավորելու, որ եթե անգամ ընդունենք այն տարբերակը, ինչը ես համարում եմ ցնդաբանություն, որ Շուշիի հայկական վերահսկողության դեպքում ադրբեջանցիները կվերադառնային, դա անհնար է, մեկ ադրբեջանցի անգամ չէր վերադառնալու, ես կհիմնավորեմ, թե ինչո՞ւ չէին վերադառնալու, ես հրավիրում եմ իրեն  հրապարակային բանավեճի, ինչի ժամանակ կապացուցեմ, որ եթե ինքն ընդուներ հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը, ապա մենք կունենայինք շատ ավելի քիչ զոհեր, որովհետև հոկտեմբերի 19-ի դրությամբ պաշտոնական-արծրունական քարոզչությունը զոհերի թիվը տվեց 729, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ մի քիչ ավելի, հոկտեմբերի 19-ին Ադրբեջանը հասցրել էր գրավել Արցախի հարավային հատվածներից որոշ տարածքներ, այսինքն՝ ոչ Արցախի 75 %-ը, ինչը եղավ այնուհետ, և եթե ինքը համաձայներ հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, ինչին, ի դեպ, ՌԴ նախագահը նշեց, որ համաձայն էր Ալիևը, ապա մենք մի քանի հազար մեր լավագույն տղաներին չէինք կորցնի, մենք չէինք կորցնի Արցախի 75 %-ը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը վստահ է՝ ոչ մի ադրբեջանցի չէր վերադառնալու Շուշի, ինչպես որևէ հայ չի վերադառնա Բաքու կամ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող որևէ այլ տարածք: Նաիրա Զոհրաբյանը նաև պնդեց, որ մեր կորուստները միայն Նիկոլ Փաշինյանի պատճառով են, քանի որ անգամ Անվտանգության խորհրդին տեղյակ չի պահել ՌԴ նախագահի առաջարկի մասին:

«Ինչ վերաբերում է իր թեզին, որ ադրբեջանցիները, ինչպես խորհրդային տարիներին, կվերադառնային, և Շուշին իր էթնիկ կազմով կլիներ ադրբեջանական, ապա ես միանշանակ պնդում եմ, որ եթե Շուշին մնար հայկական վերահսկողության տակ, ապա մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնալու, նույն տրամաբանությամբ՝ հիմա եթե Արցախի նախագահը հայտարարի, որ պատրաստ են՝ ինչպես խորհրդային տարիներին, Ստեփանակերտում ընդունել ադրբեջանցիների և երաշխավորում են նրանց անվտանգությունը, եթե այդ երաշխավորությանն էլ միանա Ռուսաստանը, մեկ ադրբեջանցի հիմա Ստեփանակերտ չի վերադառնա: Եթե անգամ ընդունենք այն ցնդաբանական թեզը, որ հայկական վերահսկողության տակ լինելու դեպքում ադրբեջանցիները կվերադառնային Շուշի, բոլորը հենց հաջորդ օրն իրենց ճամպրուկները կհավաքեին և կվերադառնային, նույնիսկ այդ դեպքում պատերազմը հոկտեմբերի 19-ին պետք էր կանգնեցնել:

Ինքը ոչ միայն չպատասխանեց հարցին, այլ նաև փորձեց իրեն բնորոշ մանիպուլյացիաներով խուսափել հարցից՝ շատ ավելի վատ և շատ ավելի հայադավ հայտարարություններ անելով:  Կրկնում եմ, պատերազմը հոկտեմբերի 19-ին պետք էր կանգնեցնել»,- ասաց Զոհրաբյանը:

Ըստ պատգամավորի՝ ադրբեջանցիները ցանկություն չունեն վերադառնալ անգամ Ադրբեջանի օկուպացրած տարածքներ, ինչի մասին վկայում են ադրբեջանական մամուլում հայտնվող հոդվածներն այն մասին, որ Իլհամ Ալիևը սոցիալական լայն արտոնություններ է խոստանում նրանց, ովքեր կվերադառնան:

«Ըստ ադրբեջանական մամուլի՝ Իլհամ Ալիևն այդ տարածքներում վերաբնակեցնելու է ջիհադիստների, տարբեր իսլամիստական խմբավորումների ներկայացուցիչների, ուր մնաց՝ ադրբեջանցին վերադառնար Շուշի, եթե Շուշին մնար հայկական վերահսկողության տակ: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հաստատեց, որ կար տարբերակ՝ կանխելու մեր հազարավոր ֆանտաստիկ պայծառ երիտասարդների մահը, իսկ ինքը դա չի արել, կար տարբերակ՝ Արցախի զգալի մասը չտալու, ինքը դա չի արել»,- ասաց Զոհրաբյանը:

Նիկոլ Փաշինյանի հունվարի 20-ի ելույթում արտահայտած միտքը «սխալ են հասկացել» ոչ միայն Հայաստանում: Ռուսական և ադրբեջանական մամուլը ողողված էր վերնագրերով, թե Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում է ադրբեջանական: Փաստորեն, ստացվում է, որ բոլորը Փաշինյանին սխա՞լ են հասկանում:

«Ինքն ասում է այն, ինչ իրականում մտածում է, իսկ ինքը մտածում է այնպես, ինչպես մտածում է  թուրք-ադրբեջանական տանդեմը, և հետո, երևի թե, թիմում գտնվում են մարդիկ, որոնք իրեն բացատրում են, որ հարիր չէ երկրի ղեկավարին շարունակել թուրք-ադրբեջանական թեզերը և տեղավորվել այդ թեզերի մեջ, ինքն այնուհետև փորձում է սրբագրել և խմբագրել իր ասածը, և իր խմբագրած յուրաքանչյուր միտք շատ ավելի վատն է լինում, քան «բնօրինակը»: Ես հասկանում եմ, որ ինքը մանիպուլյացիայի ֆանտաստիկ վարպետ է, ես հասկանում եմ, որ ինքը կարողացել է հասարակության մեջ, ցավոք սրտի, գտնել այնպիսի շերտեր, որոնց դուր է գալիս, երբ իրենց խաբում են, երբ իրենց ճշմարտության փոխարեն՝ ասում են հաճելի սուտը, և իր հիմնական բազան, բազիսը հենց այդ շերտերն են, բայց միևնույն է, ինքը չի կարողանալու հավերժ և մշտապես խաբել: Մեզ թվում էր, որ նա շատ կարճ ժամանակ կկարողանա խաբել, ցավոք սրտի, իրեն հաջողվեց շատ երկար ժամանակ  և դեռ այս պահին էլ մանիպուլյացնել հասարակության մի փոքր հատվածի, բայց ես վստահ եմ, որ այդ հատվածը ևս ի վերջո հասկանալու է, որ իրեն պարզապես խաբում են ամեն րոպե, ամեն ժամ, և այդ մարդն ընդամենը  մեկ խնդիր է լուծում՝ այս 24 ժամվա ընթացքում հաջորդ 24 ժամվա համար երկարացնել իր իշխանավարությունը, որևէ այլ խնդիր այս պահին չի լուծում»,- ասաց Զոհրաբյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև նշեց, որ Իլհամ Ալիևն անգամ բռնի ուժով կվերաբնակեցնի օկուպացրած տարածքները, այնտեղ ներդրումներ կանի նաև Թուրքիան: Զոհրաբյանը նաև նկատեց, որ օնլայն քարտեզներում այլևս չկան մեր բնակավայրերի հայկական անունները:

«Հայկականությունը մեր բնակավայրերի, ցավոք սրտի, նաև Շուշիի, շատ արագ ոչնչանալու է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս