Պատերազմի ժամանակ գիշերվա կեսին ահ ու սարսափով հազիվ երեխաներիս հետ հասել եմ Գորիս. Քարեգահ գյուղի բնակիչ
Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղը ևս Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների թվում է:
Բնակիչներից Գայանե Տատինցյանը, ով ժամանակավորապես բնակվում է Գորիսում՝ չի էլ ուզում հիշել, թե թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ինչպես մանկահասակ երեխաների հետ ստիպված լքեց գյուղը:
«Պատերազմի ժամանակ գիշերվա կեսին ահ ու սարսափով հազիվ երեխաներիս հետ հասել եմ Գորիս: Գյուղում երկու տուն ունեինք, մեկը վերջերս էինք գնել, 2 տղա երեխա ունենք, ասացինք՝ գոնե տուն լինի նրանց համար: Ես հույս ունեի, որ պատերազմը շուտ կավարտվեր, մտածում էի՝ ապրիլյան պատերազմի նման է լինելու, ոչինչ չէինք կորցնի ու կվերադառնայինք մեր տները, ցավոք, այդպես չեղավ: Ահավոր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գայանեն։
Մեր զրուցակիցը նշեց, որ մի քանի օրից կծնվի չորրորդ երեխան, սակայն չգիտի՝ որտե՞ղ են մնալու, ինչպե՞ս են աշխատանք գտնելու ու պահելու նորածնին ու մյուսներին:
«5 հոգով ենք՝ ես, ամուսինս ու երեք երեխաներս, չորրորդ երեխային եմ սպասում, բժիշկներն ասել են՝ մի քանի օրից կծնվի: Այս պահին Գորիսիում ենք ապրում, տան վարձը 80.000 դրամ է, ապրանքը մեջն է, դե մեզ նման տուն էր պետք, քանի որ ոչինչ չենք կարողացել բերել: Տանտերը Ռուսաստանում է, գալու է, ասել է՝ 2 ամիս մնացեք, հետո ուրիշ տեղ պետք է տեղափոխվենք, իսկ ես ոչ մի բան չունեմ, որ տանեմ հետս: Շնորհակալ կլինեի, եթե մարդիկ կարողանային անկողնային պարագաներով օգնել՝ վերմակ, ներքնակ, սպիտակեղեն»,- նշեց Գայանեն:
Նրա փոխանցմամբ՝ ամուսինն Արցախում էլեկտրիկ է աշխատել, սակայն հիմա աշխատանք գտնել չի կարողանում:
Ասում է՝ մի քանի տեղ է դիմել աշխատանքի համար, բայց դեռ որևէ արձագանք չկա:
Օգտվել են նաև կառավարության կողմից ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրից և ստացած գումարով վճարել են տան վարձը, կոմունալները:
Համայնքապետարանն էլ հաճախ օգնում է սննդով:
«Ունենք հագուստի կարիք: Տղաներիցս մեկը 10 տարեկան է, մյուսը՝ 4, նրանց համար հագուստներ են պետք, չեմ կարողանում գտնել, աղջկաս համար շատ եմ վերցրել, բայց նրանց դեպքում բարդ է: Ինձ և ամուսնուս համար ևս հագուստ է պետք»,- հավելեց նա:
Ընտանիքին կարող եք օգնել՝ կապ հաստատելով նշված հեռախոսահամարով՝ 094714706: