«Նման տեղեկատվությունը, որը հանրային մեծ կարևորություն ունի, երբեք չպետք է պահվի հանրությունից․ բացատրել, թե այն պետական գաղտնիք է՝ առնվազն նոնսենս է». Մարինա Գրիգորյան

Դեկտեմբերի վերջին 168.amը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ պարզելու, թե սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի պատերազմի ժամանակ, քանի զոհ է եղել, քանի վիրավոր և քանի անհետ կորած ու գերեվարված մարդ է ունեցել հայկական կողմը։

Հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ից փոխանցել էին. «Զոհված, վիրավոր, գտնվելու վայրն անհայտ և գերության մեջ գտնվող զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար՝ տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»։

ՊՆ-ից բացի, իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր առթիներով հայտարարում են, որ գերության մեջ գտնվող անձանց թվի հրապարակումը պետական գաղտնիք է։ Այսպիսով՝ 44-օրյա պատերազմից արդեն անցել է երկու ամսից ավելի ժամանակ, սակայն հստակ տեղեկություն չկա զոհվածների, գերիների և անհայտ կորած մարդկանց թվի վերաբերյալ։

168.am-ի հետ զրույցում «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն ասաց, որ այս հարցը կարող է ունենալ երկու պատասխան։ Նախ, ՀՀ իշխանությունները կարող է չունեն այս թիվը, և դա կարող է լինել վատ աշխատանքի արդյունք, քանի որ բոլորին էլ հայտնի է, թե ինչ քաոտիկ վիճակ էր տիրում պատերազմի օրերին։

«Չեմ կարծում, որ ՀՀ իշխանություններն ընդունակ են կազմակերպված աշխատանք վարել ցանկացած, այդ թվում՝ գերիների և անհայտ կորած անձանց հարցում։ Շատ հավանական եմ համարում, որ նրանք մինչև հիմա չունեն այդ թիվը և այդ պատճառով էլ թիվ չեն հրապարակում ու սա բացատրում են նրանով, թե պետական գաղտնիք է։ Մինչդեռ նման տեղեկատվությունը, որը հանրային մեծ կարևորություն ունի, երբեք չպետք է պահվի հանրությունից. բացատրել, թե այն պետական գաղտնիք է՝ առնվազն նոնսենս է։ Անհեթեթություն է այդ թիվը գաղտնի պահել, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը գիտի այդ թիվը, ինչպես իր հարցազրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանը։ Կրկնում եմ՝ սա կարող է լինել այն բանի արդյունքը, որ իշխանությունն ուղղակիորեն չի տիրապետում այդ թվերին, որը վատ, անկազմակերպ  աշխատանքի արդյունք է»,- ասաց Մարինա Գրիգորյանը։

Նա ցավով է արձանագրում, որ այդ խնդրի հետ կապված՝ իշխանությունները չեն ցանկանում դիմել այն մարդկանց օգնությանը, որոնք ունեն շատ մեծ փորձ, որոնք Արցախի առաջին պատերազմից հետո աշխատել են գերիների և անհայտ կորած անձանց հարցերով։

Ըստ նրա, պետք է հասկանալ, որ ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցն Ադրբեջանի համար դարձել է ոչ միայն քաղաքական գործոն, այլև կեղտոտ գործիք, ենթադրում է՝ նաև ՀՀ իշխանությունների համար։

«ՀՀ վարչապետ կոչված անձը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ չպնդեց  գերիների և պատանդների վերադարձի հարցը։ Եթե այս հարցի ժամկետները հստակ նշվեին, ապա այսօր մենք չէինք ունենա այս իրավիճակը, կարող էինք պնդել, որ մինչև բոլորը՝ բոլորի դիմաց ֆորմուլայով գերիների հարցը չլուծվի, հայկական կողմն այլ հարցի չի անդրադառնա։ Ես արդեն ասացի, որ իշխանությունները գերիների և պատանդների հարցի շուրջ հրաժարվում են խորհրդակցել փորձագետների հետ, եթե լսեին, ապա փորձագետները բազմիցս ասել են, որ չի կարելի վերադարձնել ադրբեջանցի երկու դիվերսանտներին, որովհետև եթե նրանց վերադարձնեն Ադրբեջանին, ապա Ալիևն այս խնդրի նկատմամբ ամբողջ հետաքրքրությունը կկորցնի։ Ադրբեջանը խախտում է միջազգային բոլոր նորմերը՝ հայտարարելով, որ այն ռազմագերիները, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, ահաբեկիչներ են»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մարինա Գրիգորյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նման պահվածքին ականատես են եղել 90-ականներին, երբ գերեվարում էին հայ ազատամարտիկներին և նրանց հայտարարում էին ահաբեկիչներ և  ազատազրկման տարբեր ժամկետներ սահմանում։

«Ադրբեջանից երեկ 5 հայ ռազմագերիներ վերադարձան, իսկապես տարօրինակ էր, եթե նրանք համարում են, որ այդ մարդիկ ահաբեկիչներ են, ի՞նչ հիմքով են 62 ռազմագերիներից վերադարձրել ընդամենը 5 հոգու, սա ինչո՞վ է պայմանավորված։ Սա Ադրբեջանը որևէ կերպ չի բացատրում, ցավոք, չգիտեմ՝ Հայաստանը պահանջո՞ւմ է նման բացատրություն։ Ես ողջունում եմ ցանկացած ռազմագերու, պատանդի վերադարձ, տա Աստված, բոլորը վերադառնան, բայց ինչո՞ւ 62 հոգուց որոշեցին 5 հոգու վերադարձնել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը և դրա հետևանքով հայ գերիների հնարավոր թվի ավելացմանը, Մարինա Գրիգորյանը նկատեց՝ եթե այսօր թշնամին կտտանքների ու տանջանքների է ենթարկում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ապա հետո ինչո՞ւ չպետք է անի, ո՞վ է նրան խանգարելու։

«Կարծում եմ՝ սա, իհարկե, ամենամեծ վտանգը չէ Հայաստանի համար՝ որպես պետության, բայց մարդկային, հումանիտար առումով ճանապարհների ապաշրջափակումը կարող է Հայաստանի համար խնդիր դառնալ։ Ադրբեջանն ու Թուրքիան այն պետություններն են, որոնք որևէ բանի առջև չեն կանգնել ու չեն կանգնելու, հետևաբար՝ կարծում եմ՝ ՀՀ իշխանությունների կողմից թշնամու դեմ սահմանների բացումը ստեղծում է  իրական սպառնալիք նոր ցեղասպանության։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ պատրաստվում են Հայ Դատի հարցը լուծելով՝ անցնել վերջնական փուլի։ Իսկ մեր իշխանությունը, չգիտեմ՝ դիտավորյալ, գիտակցաբար թե անգիտակից՝ դրան ուղղակի նպաստում է»,- եզրափակեց Մարինա Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս