Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը դադարեցված է իրավաբան-գիտնականների պնդմամբ. Իոաննիսյան

Մինչև 2021 թվականի հունիս նախատեսվում էր ունենալ Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, սակայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներն այս պահին դադարեցված են: Այս մասին այսօր կազմակերպված՝ «Ո՞ր փուլում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

«Հանձնաժողովը գործում էր քչից-շատից, լավ կամ վատ, նախքան պատերազմի սկսվելը, նախքան սեպտեմբերի 27-ը: Այո, այն ժամանակ էլ բավականին մտահոգություններ կար՝ կապված հանձնաժողովի գործունեության ոճի, թափանցիկության, ներառականության, թեև ես ինքս դրա մեջ ներգրավված էի, ամեն դեպքում, միևնույն է, այդ խնդիրները տեսնում էի, և ինտենսիվության, արագության հետ կապված, և չափազանց դանդաղ էր: Նույնիսկ պատերազմից առաջ ակնհայտ էր, որ այդ ժամանակացույցը հնարավոր չի լինելու պահել…

Ըստ էության շաբաթներ առաջ հարց բարձրացավ հանձնաժողովի գործունեությունը վերսկսելու կամ գոնե քննարկելու, ամփոփելու, դա դեկտեմբեր ամիսն էր, և այն ժամանակ հանձնաժողովի բազմաթիվ անդամներ դեմ արտահայտվեցին պրոցեսը շարունակելուն: Ես հիմա չտամ անուններ, դա կոռեկտ չի: Կոռեկտ կլինի, որպեսզի այդ մարդիկ իրենք իրենց անունից  հանդես գան, բայց ես ասեմ, որ մոտավորապես փաստարկը հետևյալն էր, որ՝ «հիմա դրա ժամանակը չի»… Գերակշռապես իրավաբան-գիտնական անդամներն էին, այդ թևն էր: Ճիշտն ասած՝ ինքս այդ փաստարկի հետ ընդհանրապես համաձայն չեմ, այն ժամանակ էլ ասացի, որ համաձայն չեմ, որովհետև ես համարում եմ, որ սահմանադրական բարեփոխումների իրականացման հիմքերը չեն վերացել, ոչ մի տեղ չեն կորել, դրա անհրաժեշտությունը չի վերացել:

Այո, ինչ-որ պատճառներով ուշացել ենք, միգուցե կարիք կա պրոցեսը վերանայելու, միգուցե կարիք կա պրոցեսի ֆորմատը վերանայելու, միգուցե կարիք կա հանձնաժողովի կազմը վերանայելու, բայց այն, որ պետք է պրոցեսը շարունակել, այստեղ ես, ճիշտն ասած, այդ հաստատակամ կարծիքի էի և հիմա էլ շարունակում եմ այդ կարծիքը պնդել»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ քննարկումի, որի ժամանակ որոշվել է  դադարեցնել հանձնաժողովի աշխատանքը, եղել է դեկտեմբերի սկզբին, ու աշխատանքների դադարեցման կողմնակիցները իրենց դիրքորոշումը պայմանավորել են պատերազմի արդյունքներով, երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով:

«Հուսով եմ, որ այս ավելի քան մի ամսվա ընթացքում իրենցից շատերը կփոխեն իրենց կարծիքը, որովհետև իրենցից շատերին ես ճանաչում եմ բացառապես որպես պարկեշտ, ազնիվ և անշահախնդիր մարդիկ, և հուսով եմ, որ իրենք կվերանայեն իրենց մոտեցումը, որովհետև իրոք Հայաստանին պետք է լավ սահմանադրություն»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս ընթացքում միայն Գերագույն դատարանի ստեղծման թեման է, որ քննարկվել և հասել է քվեարկության: Մոտ 20 այլ թեմա քննարկվել են, այդ թվում՝ դատախազության, քննչական մարմիններին առնչվող հարցը, Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված հարցը, ընտրական համակարգին, կառավարության ձևավորմանը, դատավորների տարիքային ցենզին առնչվող հարցերը, սակայն չեն քվեարկվել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս