«Զինված ապստամբությանը կողմնակից չեմ, բայց պետք է լինի գործողություն». Հրանտ Թոխատյան

«Ամեն մեկն ունի իր կարծիքը, բայց մեծամասնության համար ընդունելի է, որ լինի որևէ կառուց, որը կկազմակերպի նոր ընտրություններ, գործող իշխանությունը դա չի կարող անել»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, որը ևս մասնակցում է ընդդիմության կազմակերպած «Հայահավաքին»:

Լրագրողի հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընդդիմադիր շարժման վրա, Թոխատյանը պատասխանեց.

«Երկրորդ նախագահի մասին յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, ինքն ունի նաև իր կողմնակիցները, և դա երևում է նաև վերջին հարցումներից: Ես չեմ զարմանա, եթե վաղը երրորդ նախագահն էլ նման հայտարարություն անի, ինչո՞ւ չէ՝ չորրորդ նախագահը նման հայտարարություն անի, ես չգիտեմ՝ ինչ կլինի: Միասնական թեկնածու մենք այսօր չունենք: Այն, որ Ռոբերտ Քոչարյանն ունի մեծ փորձ՝ դրանում կասկած չկա, որովհետև, ի վերջո, եղել է հանրապետության նախագահ, իր կառավարման ժամանակահատվածում տնտեսական աճ է նկատվել, որից հետո, բնականաբար, ունեցել է մեծ մինուսներ, մեծ բացթողումներ, երևի դրա համար էլ մենք այսօր ունենք այն իշխանությունը, ինչ ունենք, ու այդ բացթողումները եղել են՝ և՛ Առաջին նախագահի, և՛ Երկրորդ նախագահի, և՛ Երրորդ նախագահի կողմից: Այ սենց քիչ փողոց դուրս գալը կապված է հենց դրա հետ, այսինքն՝ 30 տարվա մեջ մենք կորցրեցինք որոշակի հավատ, ցավում եմ դրա համար…»:

Հարցին, թե կան տեսակետներ, որ այս մեթոդներով, հավաքներով իշխանությունը չի պատրաստվում հեռանալ, և, որ պետք է ապստամբել, արդյոք դուք կողմնակի՞ց եք ապստամբությանը, Հրանտ Թոխատյանը պատասխանեց.

«Եթե խոսքը գնում է զինված ապստամբության մասին՝ ես դրան կողմնակից չեմ։ Համենայնդեպս, որ պետք է լինի գործողություն, ես դրան կողմնակից եմ»:

Տեսանյութեր

Լրահոս