«Ցավոք, վերջին 2.5 տարիներին բանակում իրականացրած մեր բարեփոխումներն ի զորու չեղան վերանայելու հակառակորդի հետ ռազմական հավասարակշռության խախտված կարգը»․ Ավինյան
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ,
Հայոց բանակի 29-րդ տարեդարձն այսօր նշում ենք բարդ պայմաններում, բայց, կարծում եմ, անհամեմատ իմաստնացած:
Ինչպես մեր բազմադարյան պատմությունը, այնպես էլ մերօրյա իրադարձությունները կրկին ապացուցեցին ազգային բանակի անփոխարինելի դերը մեր ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորման գործում: Մեր զինված ուժերի ձևավորումն ինքնին պատմական ոչ-ստանդարտ պայմանի արդյունք էր, երբ բանակը ստիպված էր կայանալու Արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Ցավոք, վերջին երկուսուկես տարիներին բանակում իրականացրած մեր բարեփոխումներն ի զորու չեղան վերանայելու հակառակորդի հետ ռազմական հավասարակշռության խախտված կարգը, և հայկական բանակը հարկադրված եղավ կենաց-մահու պայքար մղել՝ անհավասար մարտում, սակայն, պահպանելով իր ողնաշարը: Արցախյան վերջին պատերազմում հայկական բանակն անհատական մակարդակում ցույց տվեց խիզախության այնպիսի օրինակներ, որ ոչ միայն հիշվելու, այլև դառնալու են ժամանակակից ռազմարվեստի ուսումնասիրության օրինակելի նմուշ: Մեր զինվորների անձնազոհությունը, անելանելի վիճակներում հնարամտությունը, ստեղծարար մտածողությունն ու կոփվածությունը գալիս են փաստելու, որ կայացած բանակ ունենալու ամենակարևոր հիմքը առկա է, և մեզ մնում է զարգացնել այն ինստիտուցիոնալ տեսանկյունից:
Խոնարհվում եմ մեր նահատակված զինծառայողների հիշատակի առաջ և խորին ակնածանքս հայտնում նրանց ծնողներին ու հարազատներին: Պատերազմի արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին հավաստիացնում եմ, որ կառավարությունը հանձնառու է նրանց խնդիրները ամենաբարձր ստանդարտներով լուծելու հարցում: Պատերազմի պարտությունը, արդ, ոչ թե պետք է մեզ թևաթափ անի, այլ պիտի դառնա մեր խորհումի, անցյալի սխալները շտկելու ու ապագային նորովի նայելու շրջադարձային կետը: Մենք իրավունք չունենք չապահովելու մեր սխրագործ զինվորների բարեկեցությունը, իրավունք չունենք անտարբերության մատնելու հայրենիքի անձնազոհ պաշտպանների հիշատակը, իրավունք չունենք անուշադրության մատնելու հաշմանդամություն ձեռք բերած մեր հայրենակիցներին: Առաջիկայում պարտավոր ենք հայկական բանակի՝ ռազմադաշտի էներգիան փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ՝ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար:
Շնորհավորելով բոլորին և մասնավորապես՝ ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմին ու զինվորներին` մաղթում եմ խաղաղություն և բարի ծառայություն: Դուք եք մեր պետականության հիմնասյունը և ձեր քաջությամբ է չափվում ու չափվելու մեր հայրենիքի անվտանգությունը: