Բաժիններ՝

Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է Արցախի դեմ պատերազմում վարձկանների մասին Հայկո Մաասի խոսքերը

Ադրբեջանական լրատվամիջոցները, հավատարիմ մնալով փաստերը խեղաթյուրելու իրենց քաղաքականությանը, այս անգամ սխալ են ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի խոսքերը: Sputnik Azerbaijan-ը գրել է, թե անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկաններ օգտագործելու մասին հարցին, Մաասը նշել է, որ դրա վերաբերյալ փաստեր չեն գտնվել:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարի ամբողջական ելույթի սղագրությունից պարզ է դառնում, որ նման արտահայտություն Մաասը չի հնչեցրել, փոխարենը նշել է, որ այդ հարցն իրենց հայտնի է, և դա միակ հակամարտությունը չէ, որում ներգրավված են սիրիացի վարձկաններ:

«Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների հարցին մենք ծանոթ ենք, սակայն, կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ դա միակ հակամարտությունը չէ տվյալ պահին, որտեղ ներգրավված են սիրիացի վարձկաններ: Մենք նման իրավիճակ ունենք նաև Լիբիայում: Այն տեղեկություններով, որոնք մենք ունենք (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ), ենթադրում ենք, որ հակամարտության գոտում որոշ քանակությամբ դեռ մնում են սիրիացի վարձկաններ և միջազգային մակարդակով ներդրվել են բոլոր ջանքերը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք նրանք օգտագործվել, նրանց քանակությունը և ովքեր են կրում պատասխանատվություն իրենց ներկայության համար, սակայն այս հարցով մենք վերջնական տեղեկատվություն չունենք»,- նշել է Մաասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս