Բաժիններ՝

Ինչու է փոխնախարարն արձագանքում «հիմար հրապարակումներին»

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԶԼՄ-ներից մեկի այն հրապարակմանը, որ իր եղբայրը ՀԴՄ կտրոնով մեքենա է շահել:

«Հարգելի Բարեկամներ… Այսօր ամբողջ Էլեկտրոնային մամուլը ողողված է նյութով, որ փոխնախարար Արամյանի եղբայրը ՀԴՄ կտրոնով ավտոմեքենա է շահել։ Նախապես ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը, և դա երբեք չի թաքցվել։ Ավելին, եթե թաքցնելու խնդիր ունենայինք, եղբայրս ի լուր աշխարհի հեռուստատեսությունում ընդհանրապես չէր երևա, տրամաբանական չէ՞… Իմ խորին հարգանքս լրագրողական աշխարհի նկատմամբ, սակայն կարծում եմ՝ կոռեկտ չէ, երբ արհեստական ֆոներ են տալիս այս երևույթին, առավել ևս, երբ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ուղիղ մեկ տարի առաջվա երևույթը հանկարծ հիմա հիշեցին, նախընտրական շրջա՞ն է։ Իսկ նման տեղեկատվությանը արհեստական ֆոներ տվող անձանց կխնդրեի, որ հիշեն, որ ես և իմ ընտանիքս ևս ՀՀ քաղաքացի ենք և օգտվում ենք սահմանադրական մեր իրավունքներից` այդ թվում գնումներ կատարելիս ՀԴՄ կտրոն պահանջելուց, և կհորդորեի ամեն ինչ կասկածի տակ դնելու փոխարեն՝ իրենք էլ տեր կանգնեն իրենց իրավունքներին և գնումների ժամանակ պահանջեն ՀԴՄ կտրոնները։ Վերջում ավելացնեմ, որ նմանատիպ շահումներ ունեցել են նաև տասնյակ մեր համաքաղաքացիներ, որոնք ոչ փոխնախարար եղբայր ունեն, ոչ էլ այլ պետական այր…»,- գրել է Արամյանը։

Նշենք, որ էջի այցելուներից մեկը փոխնախարարին հարցրել է, թե ինչո՞ւ է նա արձագանքում «հիմար հրապարակումներին», ինչին Արամյանը պատասխանել է. «Շնորհակալ եմ և որոշ տեղ կիսում եմ կարծիքը… Բայց երբեմն չարձագանքելը ավելի մեծ կասկածամտություն կարող է մտցնել…. Անկեղծ ասած, ես դա սպասում էի, բայց մեկ տարի առաջ …»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս