Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան կարևոր է․ առիթ կլինի քննարկել, թե կոմունիկացիաների կոնկրետ որ ուղիներն են համապատասխանում հայ-իրանական շահերին. վերլուծաբան
«ԻԻՀ ԱԳ նախարարի հայտարարությունները պետք է գնահատել՝ որպես դիվանագիտական»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամադ Զարիֆի այցին տարածաշրջան, Իրանի դերին տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում, երբ եռակողմ հայտարարությունների համաձայն՝ նախատեսվում է տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին սկսվել է ԻԻՀ ԱԳ նախարարի այցը տարածաշրջան, որի շրջանակում Զարիֆն արդեն այցելել է Բաքու, Մոսկվա, այսօր երեկոյան և վաղը կլինի Երևանում, ապա՝ Անկարայում:
Ալի Սալամիի գնահատմամբ՝ պատահական չէ, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նման տարածաշրջանային այց է նախաձեռնել, որը լավ առիթ է քննարկելու աստանյան ձևաչափը գործընկերների հետ՝ Թուրքիա, Ռուսաստան, առաջիկա քայլերը, համաձայնեցնել ժամացույցի սլաքները, փորձել մխրճվել տարածաշրջանային նոր իրավիճակում, ողջունելով Ռուսաստանի ջանքերը և ցույց տալով, որ Իրանը Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ՝ Հարավային Կովկասում պետք է ակտիվ մասնակից լինի որոշումների կայացմանը իր հարևանությամբ, այսինքն՝ մասնակից դառնա որոշումների կայացմանը:
«Տեսնում ենք, որ Իրանի ուշադրության կենտրոնում Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում և հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն է, զուգահեռաբար սկսում է գործել ԱՄՆ նոր աշխատակազմը, որը կարող է նոր խնդիրներ ստեղծել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համար: Իրանը փորձում է դիրքավորվել՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական զարգացումներում, հատկապես, երբ բոլոր երկրների անվտանգությանը սպառնացող լուրջ գործոններ կան տարածաշրջանում, գլխավորապես՝ ահաբեկչությունը: Եթե Իրանը չմասնակցի և չփորձի ներքաշվել այս քննարկումներում, Իրանը կորցնելու է բոլոր որոշումների նկատմամբ ազդեցության և սեփական շահերը այդ հաղորդակցությունների հարցում առաջ մղելու հնարավորությունը: Սա բխում է ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի շահերից, քանի որ Իրանի ակտիվ մասնակցությունը կհավասարակշռի Ռուսաստանի և Թուրքիայի ներկայությունը: Նման միտումներ նկատելի են, և Իրանը արձագանքում է դրանց, ճկունություն է փորձում ցուցաբերել՝ օգտագործելով հարակից տարածաշրջաններում առկա հարակից օրակարգերը: Հետաքրքիր է այս ամենին հետևելը, Իրանը մեկ տապալված փորձ ունեցավ՝ ակտիվ դեր ստանձնել Ղարաբաղի հարցով քննարկումներում, հիմա պատերազմը դադարեցված է, և որոշվում է ողջ տարածաշրջանի ապագան, և Իրանը չի կարող պարզապես հետևողի դերում լինել, այդ թվում՝ իր ճակատագրի տնօրինությունը թողնելով մյուս երկրներին, հատկապես, երբ հայտարարվել է վեցակողմ պլատֆորմի մասին»,- ասաց վերլուծաբանը:
Նա արձանագրեց, որ պատերազմի ընթացքում Իրանը որևէ դերակատարություն չկարողացավ ունենալ, պատերազմի դադարեցման հարցում՝ չունեցավ, ցանկանում է ունենալ գոնե հետպատերազմյան շրջանում, երբ մեծ պրոյեկտներ են գծվում:
Իրանցի վերլուծաբանն ասաց, որ վեցակողմ պլատֆորմն առաջ մղելու հարցում Իրանը կարող է բացառիկ դերակատարություն ստանձնել այն իմաստով, որ ունի բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի հետ ու կարող է հաջողել այս պրոյեկտն առաջ մղելու գործում:
«Իրանը կոնկրետ շահեր ու, հետևաբար՝ կոնկրետ ցանկություններ ունի այն կոմունիկացիաների վերաբերյալ, որոնք նախատեսվում է, որ պետք է բացվեն, Իրանն ըստ էության ցանկանում է, որ ապաշրջափակման թեման դառնա վեցակողմ կամ ավելի նեղ, սակայն եռակողմից ավելի լայն քննարկման առարկա, հատկապես, երբ խոսվում է ճանապարհների մասին դեպի Իրան կամ Իրանի հարևան շրջաններից: Իրանի այս ջանքերը պետք է որ հաջողվեն: Չէ՞ որ Իրանը չի ցանկանում ազդված լինել երրորդ կողմերի որոշումներից, քանի որ գտնվում է միևնույն տարածաշրջանում, և սա Իրանի շահերի գոտին է: Դեռ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով հստակ քննարկումները միայն կուլիսներում են, և ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա հանձնաժողովի բանակցությունների արդյունքում: Կարծում եմ՝ դա հեշտ աշխատանք չի լինելու, քանի որ բոլորն իրենց շահերն են փորձելու առաջ մղել»,- ասաց Սալամին:
Ըստ նրա՝ ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերը, որոնք հնչել են Բաքվում այն մասին, որ Իրանն ուրախ է, թե Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը, պետք է դիտարկել՝ որպես հյուրընկալող երկրում արված դիվանագիտական հայտարարություն: «Իրանը բոլոր երկրների հետ իր օրակարգն ունի, այդ թվում՝ Հայաստանի հետ, և կայանալիք այցը կարևոր է հայ-իրանական հարաբերությունների տեսանկյունից ևս, քանի որ առիթ կլինի քննարկել, թե կոմունիկացիաների կոնկրետ որ ուղիներն են համապատասխանում հայ-իրանական շահերին, և ինչպես է պետք աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց իրանցի վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ օրերս Բաքվում իրանցի նախարարը հայկական կողմի համար ոչ միանշանակ հայտարարություններ էր արել. «Իրանն ուրախ է բարեկամ և եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքներն ազատագրելու և դրանց՝ Ադրբեջանի ժողովրդի վերահսկողության տակ անցնելու համար»: IRNA գործակալության փոխանցմամբ՝ Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ այցի ընթացքում ադրբեջանական կողմի հետ քննարկել է Արցախի, այնտեղ կայունության պահպանման, ազատագրված տարածքների վերականգնման և տարածաշրջանային համագործակցության հարցերը։